Փետրվարի 6-ին «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստի ժամանակ դատարանում էին եկել գործով տուժողներ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
Վալերի Օսիպյանի հարցաքննությունն ընթանում էր լարված մթնոլորտում, նա հարցաքննության ժամանակ մասնավորապես ասաց. «Գունդը գունդ չէր, ավերված էր, անհասկանալի էր: Անգամ էդ համակարգիչները, տեխնիկան ինչ էին արել: Ես միշտ էլ պայմանական ասում էի՝ իշխանափոխություն, հեղափոխություն անենք այս տեխնիկան չի՞ ծառայելու ձեզ, համակարգիչը չի՞ ծառայելու ձեզ, էդ մեքենան կարելի՞ է այդպես վնասել, թեկուզ ձեր ասած Նոր Հայաստանում չի՞ ծառայելու այս տեխնիկան: Պահեստները լրիվ խայտառակ ավերված վիճակում էին, կոշիկներ, կիսաճտքավոր կոշիկները. այն, ինչ ոստիկանները պիտի հագնեին, իրենք էին հագել»: Ամբաստանյալներն այս ընթացքում փորձում էին արձագանքել, սակայն դատավորը լռեցնում էր նրանց:
Խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերի Օսիպյանից հետաքրքվեց՝ գնդում գտնվելու ընթացքում իրեն բացատրվե՞լ է, որ սահմանադական կարգը երկրում տապալված է և իրենց գործողությունները ուղղված են այն պահպանելուն, Օսիպյանը պատասխանեց. «Ինձ բացատրել պետք չէ, ես շատերին կարող եմ բացատրել ինչ է սահմանադրական կարգը, բայց սրա շուրջ խոսակցություն եղել է»:
Խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը ոստիկանապետին ինչ-որ բան ասաց, որից հետո Վալերի Օսիպյանն ասաց. «Որևէ մեկը չփորձի որևէ բան ասել»:
Դահլիճում ներկա գտնվողներից մեկը բղավեց. «Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակոտ»: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը կարգի հրավիրեց ներկաներին՝ նշելով, որ կարգը խախտելու, այսպես շարունակելու դեպքում նիստը կքննվի դռնփակ կարգով:
Դատարանի հարցին, թե համաներում հայտարարելու մասին օրենքով սահմանված է առանձին դրույթ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների նկատմամբ, եթե տուժող կողմը չի առարկում, Վալերիյ Օսիպյանն ասաց. «Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ գործընկերին և ընկերներին, գուցե իմ դիրքորոշումն այլ լիներ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»: Հարցին, թե այսինքն՝ կարող է դատարանն արձանագրել, որ Օսիպյանն առարկում է այս գործով կոնկրետ տասը ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառել, ոստիկանապետը պատասխանեց.«Այո»: Դրանից հետո նիստի ներկաները «ամոթ» վանկարկեցին: Օսիպյանը հարցաքննությունն ավարտվեց: Իսկ արդեն դատարանի բակում նրան կրկին «ամոթ» վանկարկելով ճանապարհեցին:
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հացաքննության ընթացքում գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը անհարգալից վերաբերմունք դրսևորեց դատարանի նկատմամբ և դատարանը որոշեց նրա նկատմամբ սանկցիա կիրառել և հեռացնել դատական նիստերի դահլիճից:
Այս հանգամանքը վրդովվեցրեց դահլիճում ներկա «Սասնա ծռերի» աջակիցներին: Դատավորը որոշում կայացրեց Եղիազարյանի հարցաքննությունն անցկացնել դռնփակ նիստում:
«Սասնա ծռերի» աջակիցները հայտարարեցին, որ չեն պատրաստվում լքել դատական նիստերի դահլիճը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը