Հունվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում անհայտ անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։
Նախնական տեղեկություններով՝ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։ Փաստի առթիվ նույն բաժնի քննիչ Վրեժ Գասպարյանի կողմից ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ էլ կողոպուտի դեպք էր տեղի ունեցել Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը