Վերաքննիչ դատարանում քննվում է 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:
Նախքան դատական նիստի մեկնարկը Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ ասածներին ավելացնելու ոչինչ չունի, իսկ անհրաժեշտ տեղեկություններն իր պաշտպանները կհայտնեն:
Հարցին, թե մամուլում տեղեկություններ են եղել, որ Արմեն Գևորգյանը 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ գաղտնի շտաբի անդամ է եղել, որտեղ որոշումներն են կայացվել, արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, Արմեն Գևորգյանն ասաց. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումները չմեկնաբանել, ով հրապարակել է, իրենից էլ հարցրեք: Ես նմանատիպ կառույցի գոյության մասին տեղեկություն չունեմ: Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ գործը քննվում է դատարանում և երբ ավարտվի, բոլոր անհրաժեշտ տեղեկություններն իմ փաստաբանները կհայտնեն»:
Գևորգյանը հարկ համարեց ընդգծել՝ գործը քննվում է դատարանում և երբ ավարտվի, բոլոր անհրաժեշտ պարզաբանումներն ու տեղեկություններն իր փաստաբանները կհայտնեն:
«Այս պահի դրությամբ իմ նախորդ ասածներին որևէ բան չունեմ ավելացնելու կամ դրանցից պակասեցնելու: Ինձ հաջողություն մաղթեք, լա՞վ»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը