Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու ՀՔԾ-ի, ինչպես նաև Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ՝ փաստաբանների միջնորդությունների քննությունը:
Փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ մինչ միջնորդությունների քննությունը պետք է տեսնեն՝ արդյո՞ք կա դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու խնդիր, թե ոչ։ Եթե չլինի կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմք, կսկսվի միջնորդությունների քննումը։Փաստաբաններն առաջարկում են, որ միջնորդությունները քննվեն առանձին առանձին, քանի որ տարբեր միջնորդություններ են։
«Պետք է խնդրենք, որ սկզբում գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվի, այնուհետև կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը»,- լրագրողներին ասաց Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործով արդեն երկու դատավոր ինքնաբացարկ է հայտնել, երրորդին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել պաշտպանական կողմը, սակայն դատավորը չէր ընդունել։ Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ կարող է դարձյալ ծագել ինքնաբացարկի միջնորդության հարց՝ կապված հանգամանքի հետ, թե ինչպես է այդ գործը հանձնվել դատավոր Արթուր Մկրտչյանին։
«Վարույթ իրականացնող մարմինը խնդիր չէր տեսնում ծանոթ լինելու կամ բարեկամական մասով, ոչ թե` հարազատական, այսինքն՝ բարեկամական հարաբերություններ ունենալու փաստը ընտանիքի հետ: Այլ հիմքեր մենք այս պահին չենք տեսնում, գուցե կան հանգամանքներ, որ գործընկերներս կարող են մատնանշել: Հարցրել ենք դատարանին, դատավորին՝ արդյո՞ք դատախազությունում եղած ժամանակ առնչվե՞լ է Մարտի 1-ին գործերին, նա նշեց՝ ոչ»,- հայտնեց Օրբելյանը:
Տեսակետին, որ ըստ մամուլի հրապարակումների, Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը քննելու բախտը վիճակվել է մի դատավորի, որը ժամանակին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել էր պայմանական ազատազրկման, Արամ Օրբելյանը պատասխանեց. «1999-ին մեկ տարի պայմանական ազատազրկման գործով նա է հանդես եկել՝ որպես դատախազ: Սա ուղղակիորեն ինքնաբացարկի հիմք չէ, եթե չպարզվի, որ վարչապետն ուղղակի առնչություն ունի, նկատի ունեմ չարաբաստիկ գաղտնալսումները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը