08 01 2019

Ինչո՞ւ ոստիկանական կարգախումբը չի ուղեկցել շրջափակված ՊՆ ավտոբուսին

Ինչո՞ւ ոստիկանական կարգախումբը չի ուղեկցել շրջափակված ՊՆ ավտոբուսին

Պաշտպանության նախարարությունը և Ոստիկանությունը հայտարարություններ են տարածել հունվարի 8-ին զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը շրջափակելու դեպքի առնչությամբ։

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է: Այս մասին նշվում է ՊՆ հայտարարության մեջ։

«Նշված միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում»,– ասված է հայտարարության մեջ։

Ոստիկանության պարզաբանման մեջ նշվում է, թե ինչու ոստիկանական խումբ չի ուղեկցել զորակոչիկների ավտոբուսին։

«Այսօր ԶԼՄ-ներում տեսանյութ է տարածվել, թե ինչպես մի խումբ երիտասարդներ կանգնեցրել են զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը և քաշքշուկ սկսել։

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեսանյութի հրապարակումից հետո շտապել են մեղադրել ոստիկանությանը, թե ինչու ավտոբուսը չի ուղեկցվել ոստիկանական կարգախմբի կողմից։

Հայտնում ենք, որ ՀՀ Կառավարության 29․10․2018 թ․ 1337-Ն որոշման համաձայն ՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը․․․

Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան։

Ավելացնենք նաև, որ միջադեպով ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, և տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ ոստիկանությունը ռազմական ոստիկանության գործընկերների հետ համագործակցում է միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,– ասված է ոստիկանության պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ դեպի հավաքակայան երթևեկող ՊՆ ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ