ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին NEWS.am -ին հայտնեց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Գևորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Նշենք, որ այսօր վարույթն իրականացնող մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:
Նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գեւորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը