Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի մեջ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին և մերժել է Մանվել Գրիգորյանի փաստաբանի միջնորդությունը՝ 20 մլն դրամ գրավ կիրառելու մասին։
«Ես հենց նոր դուրս եկա մի դռներից, որը դատավոր Մարինե Մելքոնյանը դարձրել է ՀՔԾ-ի մասնաճյուղ։ Ես չգիտեմ նման մեղադրաքնոերով կալանավոր, որն այքան ժամանակ մնա կալանքի տակ»,- լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Նա ասաց, որ ներպետական դատական ատյաններում, ամենայն հավանականությամբ, պաշտպանական կողմի միջնորդությունը նույն բախտին է արժանանալու, ուստի իրենք, Մանվել Գրիգորյանի համաձայնությունը ստանալու դեպքում, կդիմեն Եվրոպական դատարան, ինչին այս պահին Գրիգորյանը դեմ է։ Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի հետ կապված որևէ քննչական գործողություն չի կատարվել բավականին երկար ժամանակ, իսկ առողջական վիճակը շատ ծանր է։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը