ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը կանխակալ վերաբերմունք ունի Գրիգորյանի նկատմամբ։ Նման կարծիք հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։
«Այս դատավորի կողմից վեց ամիս շարունակ տեսել եմ կանխակալ վերաբերմունք․ իմ կարծիքով, եթե չլիներ կանխակալ վերաբերմունք, Մանվել Գրիգորյանը չէր լինի կալանքի տակ։ Հնարավոր է Մարինե Մելքոնյանի վրա ճնշում է գործադրվում վարույթն իրականացնող մարմնի կամ այլ պաշտոնատար անձանց կողմից»,– ասաց նա։
Դատարանը միջնորդության մասին որոշումը կկայացնի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին։
Արսեն Մկրտչյանը, խոսելով Մանվել Գրիգորյանի ինքնազգացողության մասին, նշեց՝ քանի որ վերջինս վաղուց մեքենա չէր նստել, չէր տեղաշարժվել, ինքնազգացողությունը վատացել է, տեղում հրավիրվել է շտապ օգնություն:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 10-ին քննում էր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու հարցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը