Ոստիկանությունը շարունակում է բացահայտել նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործություններ՝ համագործակցելով իրավապահ այլ կառույցների հետ:
Հոկտեմբերի վերջին օրերին Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու շնորհիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են յուրացման երեք դեպք: Առաջին դեպքում վարչության աշխատակիցները համագործակցել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողների հետ:
Պարզվել է, որ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Արուսյակ Ստեփանյանը պաշտոնավարման ընթացքում աշխատանքի է ընդունել իր մտերիմներին, նրանց անվամբ հաշվեգրել է աշխատավարձ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել, իսկ աշխատավարձի գումարը յուրացրել է Ստեփանյանը: 2011 թվականից մինչև այս տարվա փետրվարը ներառյալ չորս հոգու անվամբ տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ դուրս է գրվել և յուրացվել երկու միլիոն 483 հազար դրամ:Հարուցվել է քրեական գործ:Հաջորդ դեպքը բացահայտվել է Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Դարձյալ ԱԱԾ-ից ստացված տվյալներն իրացնելիս պարզվել է, որ Արևիկ համայնքի նախկին ղեկավար Դավիթ Թուխիկյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2006-10 թվականներին որպես ակումբավար է ձևակերպել մի կնոջ, որն աշխատանքի չի հաճախել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր մեկուկես միլիոն դրամը, յուրացվել է:
Հարուցվել է քրեական գործ:Հաջորդ յուրացումը բացահայտվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների հետ համագործակցությամբ: Պարզվել է, որ «Հրազդան բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հինգ աշխատակցի անվամբ 2017 թվականի դեկտեմբերին դուրս է գրվել 60 հազարական դրամ պարգևավճար. գումարը յուրացվել է: Յուրացվել է նաև այս տարվա հունիսին մի հիվանդի անվամբ դուրս գրված՝ 16 հազար դրամ արժողության դեղամիջոցը: Իսկ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին բժշկական կենտրոնի աշխատակիցները, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական սպասարկման շրջանակում, ինը հիվանդի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են ներկայացրել առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն, որի հետևանքով խաբեությամբ հափշտակվել է 643 հազար դրամ: Այս փաստերի առթիվ նույնպես հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը