ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին մի քանի լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժամանակ» թերթի համապատասխան հրապարակմանը, տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ վերջինիս ունեցած տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ՝ Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված որոշ անձինք գումարներ են տալիս համայնքապետերին, որպեսզի վերջիններս իրենց համար ձայներ ապահովեն, և իրենք առաջ անցնեն ՔՊ-ի իրենց մրցակիցներից:
ԱԺ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրգործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում արձանագրված սույն հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում նշված հանգամանքների ստուգման նպատակով ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը