Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է ստուգել ՀՀԿ–ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները։
«Երեւան քաղաքի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությանը հանձնարարվել է ստուգել իր ենթաշտաբներից մեկի պետին մոտենալու եւ իր հետ չաշխատելու համար զգուշացնելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները:
Ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն են ուղարկվել հայտարարության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նախօրեին լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը մասնավորապես ասել էր. «Մոտենում են իմ ընկերներին, որոնք հանդգնում են գալ իմ շտաբ, երեւի դրսում ԱԱԾ-ից մարդ կա, տեսնում են՝ ով է գալիս, հետո մոտենում են, ասում են՝ քեզ պե՞տք է, բա չես վախենում, որ գործից կհանեն եւ այլն: Հուշում են, որ չգան: Ի՞նչ է նշանակում մոտենալ իմ ընկերոջը, որ իմ նախընտրական ենթաշտաբների պետերից մեկն է, ու ասել, որ այլեւս չգա: Ի՞նչ է սա նշանակում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը