ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հասցեին Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի արած արտահայտությունների վերաբերյալ տեսագրությունը օր օրի լայն տարածում է ստանում՝ էլ ավելի արատավորելով գեներալի պատիվն ու արժանապատվությունը։ Այս մասին News.am–ի հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը։
Գրիգոր Բեքմեզյանի խոսքով՝ Գրիգորյանի կողմից Խաչատուրովի վերաբերյալ ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, մեղադրում են Յուրի Խաչատուրովին ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ դրանով իսկ արատավորելով նրա պատիվն ու արժանապատվությունը։
Հարցազրույցում արված արտահայտություններից մեկում, ըստ հայցվորի ներկայացուցչի՝ Գրիգորյանը Խաչատուրովին ուղղակի մեղադրում է տարածքներ հանձնելու, այսինքն՝ դավաճանության համար։
Հրապարակված հարցազրույցում Գրիգորյանը մասնավորապես ասել էր.
«Տարածքներ հանձնելը լուրջ բան է։ Բոլորին պետք է ստուգել, ու ես առաջարկել եմ ԱԱԾ–ին բաց, հրապարակային ու հիմա էլ առաջարկում եմ ստուգել Խաչատուրովի հաշիվներն ու հարազատների հաշիվները վերջին ժամանակներում, քանի որ միամիտ չկա, հասկանում եք, թող չմտածեն մենք իդեոտ ենք, դուռակ ենք, չենք հասկանում, որ տարածքներ ձրի չեն հանձնում, տարածքները հանձված էին 2016 թվին...»։
Ըստ Բեքմեզյանի՝ այս արտահայտությամբ պատասխանողը փաստում է, որ տարածքները (հեղ. նկատի ունի 800 հա տարածքը) հանձնված են, այն էլ՝ գումարի դիմաց։
«Այս կերպ Գրիգորյանը Խաչատուրովին մեղադրում է ԼՂՀ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները թշնամուն հանձնելու համար։ Կոպիտ ասած, պատասխանողը հայցվորին մեղադրում է պետական դավաճանության մեջ»,-ասաց Բեքմեզյանը։
Դիտարկմանը, թե նախկինում Խաչատուրովի հասցեին բազմաթիվ այլ հրապարակային արտահայտություններ են արվել՝ այդ թվում համացանցում, փաստաբանը պատասխանեց.
«Խաչատուրովը, հաշվի առնելով իր անձը, արհամարհել է այդ հրապարակումները, բացի այդ՝ հրապարակումները հիմնականում եղել են կեղծ էջերով, ինչի պարագայում դժվար էր գտնել զրպարտության հեղինակին և կանչել պատասխանատվության։ Այս դեպքում զրպարտություն արվել է կոնկրետ անձի կողմից, հասցեական, ընդ որում՝ միայն Խաչատուրովի մասին չի արվել․ խոսվում է բանակի, գեներալների, բանակի բարձրագույն ղեկավարության մասին»։
Նրա գնահատմամբ՝ հարցազրույցում Գրիգորյանը Խաչատուրովի անձով՝ զրպարտում է բանակին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը