17 11 2018

Ոստիկանությունն արձագանքում է Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը

Ոստիկանությունն արձագանքում է Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանն այն մասին, թե անհրաժեշտ չէ լինել քրեական իրավունքի մասնագետ, որ առաջին հայացքից պարզ դառնա, որ ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ: Ոստիկանության պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.«Վերջին օրերին համացանցում շրջանառվում է 1in.am լրատվականի կայքի «Նոր թալանչիներ՝ քրեական օլիգարխիայի գիշատիչների փոխարեն. հեղափոխության պարադոքսը» վերտառությամբ հոդվածը, որում հոդվածագիրը հանցավորության աճի պատճառը տեսնում է նոր իշխանությունների ֆունկցիոնալ անպատրաստության և ոստիկանության ոչ արդյունավետ գործունեության մեջ: 

Նման գնահատական է տվել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը: Ինչպես հայտնի է, հանցավորությունը սոցիալական երևույթ է, մեծապես կախված երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական զարգացումներից, ունի խորը արմատներ, և դրա դինամիկայում ու կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները պայմանավորել վերջին 6 ամիսների զարգացումներով, մեղմ ասած, պրոֆեսիոնալ չէ:

Հանցավորության վիճակի մասին պատկերացում կազմելու համար խորհուրդ կտայինք վերլուծության ենթարկել հանցավորության շարժընթացը՝ կառուցվածքի հետ համատեղ:Այսպես. 2018թ. 9 ամիսների ընթացքում արձանագրված հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը նվազել է մոտ 3,5%-ով (2017թ.՝ 25,9%, 2018թ.՝ 22,5%):

Ընդ որում, նվազում է արձանագրվել սպանության (58-52), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (840-760), այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու (148-141) և այլ հիմնական հանցատեսակներով:Որոշակի նվազում է արձանագրվել նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (17,3%-ից 16,4%): Այս ամենի հետ մեկտեղ, նկատելիորեն աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների (39,2%-ից 41,8%) և պետական իշխանության, պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները (14,2%-ից 15,6%):Ակներև է, որ 2018թ. 9 ամիսներին արձանագրված հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է գույքի հափշտակությունների և առավել լատենտային համարվող՝ պաշտոնեական հանցագործությունների թվի կտրուկ ավելացմամբ:

Ընդ որում, ավելի քան 5 անգամ աճել են պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերի, ավելի քան 2 անգամ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև անձնական գույքի գողության և խարդախության դեպքերի հայտնաբերման ցուցանիշները:Հիշեցման կարգով նշենք, որ քրեաբանության մեջ լատենտային են համարվում այն հանցագործությունները, որոնք մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ դուրս են մնում հաշվառումից, իսկ դրանց հայտնաբերումն իրավապահ մարմինների համար համարվում է առավել բարդ:

Հետևաբար, վիճակագրական տվյալներում դրանց աճն ամենևին բացասական ցուցանիշ դիտարկել չի կարելի, քանզի այն արտացոլում է ոչ թե իրավապահ մարմինների անգործությունը, այլ հակառակը՝ վերջիններիս արդյունավետ և նախաձեռնողական աշխատանքը: Այսինքն՝ արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կտրուկ աճը ոչ թե խոսում է ներկայումս հանրապետությունում կոռուպցիայի ծավալների ավելացման կամ ամենաթողության, այլ այդ արատավոր երևույթի նկատմամբ անհանդուրժողական պայքարի մասին:Միաժամանակ, հարկ է նշել, որ ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունը զգալի ջանքեր է գործադրել նաև նախկին տարիներին կատարված և հաշվետու ժամանակահատվածում ի հայտ բերված հանցագործությունների հաշվառման և անհրաժեշտ օպերատիվ-քննչական միջոցառումների իրականացման ուղղությամբ, որոնցից շատերն ուղղված են եղել սեփականության դեմ (տարատեսակ խարդախություններ, գողություններ, յուրացումներ և այլն): 

Դրա մասին է վկայում քաղաքացիների կողմից հանցագործությունների մասին ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդումների աննախադեպ աճը. եթե 2018թ. 1-ին եռամսյակում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում ստացվել է 33.735 հաղորդում, ապա 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում դրանց թիվն աճել է, համապատասխանաբար, 12.578-ով կամ 37,3%-ով և 8.726-ով կամ 18,8%-ով: Այս փաստը, ինքնին, վկայում է նաև քաղաքացիների կողմից իրավապահ համակարգի նկատմամբ վստահության աճի մասին:

Ներկայումս քաղաքացիները ոչ միայն չեն խուսափում դիմել իրավապահ մարմիններին, այլև հաճախակի հայտնում են նախկին տարիներին կատարված և հաշվառումից դուրս մնացած իրավախախտումների մասին՝ վստահ լինելով, որ դրանք կարձանագրվեն, կբացահայտվեն, իսկ կատարողները անխուսափելիորեն կենթարկվեն պատասխանատվության: Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ ոստիկանությունն արձանագրում է, որ հանցագործությունների աճը համահունչ է գրեթե բոլոր զարգացած երկրներում արձանագրված միտումներին և ներկա փուլում լիովին տեղավորվում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումների տրամաբանության մեջ, իսկ օպերատիվ իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ ոստիկանության կողմից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ