15 11 2018

Հայկ Ալումյանի ասուլիսը՝ Վճռաբեկ դատարանի որոշմանն ու իրենց անելիքների շուրջ



Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչի որոշումը բեկանելու՝ վճռաբեկի որոշումը Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը բացասական է գնահատում՝ միաժամանակ նշելով, որ ամբողջական տեքստը ստանալուց հետո ամբողջական միայն կարծիք կհայտնեն։

Ալումյանի խոսքով, վճռաբեկի դատավոր Սերժիկ Ավետիսյանի հատուկ կարծիքն այն մասին է, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտապանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136֊րդ հոդվածի 2֊րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

Ավետիսյանը համարում է, որ նախագահի անձեռնմխելիության հետ կապված հարցերը օրենսդրությամբ բավարար հստակությամբ կարգավորված չեն և պետք է ՍԴ-ն որոշի։

Ինչո՞ւ վճռաբեկը մասնակի բավարարեց դատախազության բողոքը․ «Որովհետև դատախազությունը պահանջ էր ներկայացրել՝ բեկանել վերաքննիչ դարանի որոշումը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի որոշումը»։

Ալումյանը հավանական համարեփց եվրոպական դատարան դիմելը։ Ասաց, որ երկրորդ նախագահը նիստի ժամանակ իր փաստարկներն անձամբ ներկայացրել է։

Ին վերաբերում է փաստաբանների բողոքին, ապա երբ գործը պետք է գնա նոր քննության, բողոքի հիմքերը դառնում են անիմաստ։ «Մեր բողոքի իմաստն այն էր, որ վերաքննիչ դատարանը չի անդրադարձել մեր մի շարք փաստարկներին։ Երբ գործը գնում է վերաքննիչ դատարան, մենք կհասնենք նրան, որ վերաքննիչն այս անգամ կբավարարի հիմքերը»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը և թվարկեց իրենց փաստարկները․

«Ի թիվս այլնի, մեղադրանքի մեջ կա էսպիսի ձևակերպում, որ հանրապետության նախագահն արտակյարգ դրություն է հայտարարել սահմանադրության խախտմամբ։ Մենք ասում ենք, որ ըստ սահմանադրության՝ Հանրապետության նախագահի հրամանագրերի սահմանադրականությունը բացառապես ՍԴ լիազորությունն է։ Այսինքն, ոչ քննիչը, ոչ դատարանները իրավունք չունեն մեկնաբանություն անել սահմանադրականության վերաբերյալ։

Հաջորդ փաստարկը․ մեղադրանքի մեջ կա այսպիսի եզրակացություն, որ փաստացի ռազմական դրություն է մտցվել։ Մենք ասում ենք, որ փաստացի ռազմական դրություն նշանակում է, որ հրամանագրով ռազմական դրություն մտցված չէ՝ դե յուրե, բայց դե ֆակյտո բոլոր քայլերը ձեռնարկված են, որ նշանակում է ռազմական դրություն։ Մենք ներկայացրել ենք համապատասխան օրենքի նորմեր, որտեղ նշվում է, թե ինչից է բաղկացած ռազմական դրությունը։ Մենք ցույց ենք տվել, որ մինչև մարտի 1-ը ընդհուպ, ռազմական դրության մի շարք հատկանիշներչից որևէ մեկն առկա չի եղել։

Հաջորդը․ Մեղադրանքի մեջ էնպիսի ձևակերպումներ կան, որ ցուցարարները եղել են բացառապես խաղաղ տրամադրված և բոլորովին անզեն։ Մենք ասում ենք, որ առկա են տասնյակ և տասնյակ դատավճիռներ, որոնց համաձայն՝ ցուցարարները եղել են զինված, մարդկանց անուններ են նշված, կոնկրետ զենքի տեսակներ։ Մենք ասում ենք՝ չի կարող մեղադրանքի մեջ ձևակերպումներ լինեն, որոնք հակասում են օրինականորեն ուժի մեջ մտած դատավճիռներին։ Նախքան էդպիսի ձևակերպումներ տալը, պետք է դատավճիռների վերանայման խնդիր քննարկեն։ Ընդհանրապես, ՄԻԵԴ դիրքորոշումն է, որ որևէ ուժի մեջ մտած դատական ակտ չկատարելը կամ այլ կերպ կասկածի տակ դնելը խախտում է իրավական որոշակիության սկզբունքը և դրանով հակասում է եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետին։ Մենք ասում ենք՝ քանի դեռ դատավճիռները կան, որևէ մարմին իրավունք չունի պետության անունից էդպիսի ձևակերպումներ անել, իբրև ցույցերը եղել են բացառապես խաղաղ, և ցուցարարները եղել են անզեն։

Վերաննիչ դատարանն այս փաստարկներից ոչ մեկին չէր անդրադարձել։ Եվ հիմա էս փաստարկները նորից քննարկվելու են»։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի լրացմանը, Ալումյանն ասաց․ «Իրավական որակումը չի փոխվել։ Եթե ընդհանրացնեմ՝ ավելացել է բառերի քանակը, ուրիշ ոչ մի փոփոխություն չեմ նկատել»։

Հարցին, թե ելույթում ի՞նչ ասաց երկրորդ նախագահը, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ չի ցանկանա այդ մասին խոսել, հենց դռնփակ են նիստերը նրա համար, որ բոլոր մանրամասները քննարկվեն։ «Նա անդրադարձավ այն ժամանակվա իրավիճակին, իր գործողությունների մանրամասներին»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանական թիմը ևս սահմանադրականության խնդիր տեսնում է, սակայն՝ ուրիշ հարցի․ «ՔՕ 300-րդ հոդվածը, 2008թ․ ձևակերպմամբ, հակասահմանադրական էր և պետք է այդ հոդվածի սահմանադրականությունը ստուգել։ Մենք բերեցինք փաստարկներ, որոնք չընդունվեցին»։

Ինչ վերաբերում է Եվրադատարան դիմումին, Ալումյանն ասաց, որ արդեն ներկայացված դիմումի վերաբերյալ սպասում են քարտուղարությունից՝ գրանցման մասին տեղեկատվության։

Հայկ Ալումյանն ասաց նաև, որ արդեն վճռաբեկ դատարանի գրասենյակ է ներկայացրել տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ցուցարարների շարքերից կրակում իրավապահների ուղղությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ