26 10 2018

Հայտնի ձայնագրության գործով Ռոբերտ Քոչարյանը տուժող չճանաչվեց

Հայտնի ձայնագրության գործով Ռոբերտ Քոչարյանը տուժող չճանաչվեց

ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Խուդոյանը:

Փաստաբանն ասաց, որ նման միջնորդություն էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը:

«Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել»,- ասաց Խուդոյանը:

Փաստաբանը հայտնեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը կբողոքարկեն ՀՀ գլխավոր դատախազին:

Հիշեցնենք, որ համացանցում տարածված ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրությնում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները խոսում են Մարտի 1-ի գործի, Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու և այլնի մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ