ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները եւ ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն:
ՊԵԿ-ից հայտնում են, որ ՊԵԿ-ը նաեւ տեղեկացված է ՀՀ փաստաբանների պալատի կողմից նույն խնդրի վերաբերյալ փաստաբաններին ուղղված նամակի մասին եւ ողջունում է ճշգրիտ հաշվառում կատարելու մասին պալատի խորհուրդը:
«Միաժամանակ այս փուլում, հաշվի առնելով փաստաբանների բարձր դերը ժողովրդավարական հասարակությունում, ՊԵԿ-ը հայտնում է, որ հակված է զերծ մնալ փաստաբանների նկատմամբ հարկային հսկողության կոշտ միջոցներ որդեգրելու քաղաքականությունից եւ առաջարկում է բոլոր շահագրգիռ անձանց՝ նախկինում ներկայացված հաշվարկներում ոչ ճիշտ տվյալներ արտացոլած լինելու դեպքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ:
Հորդորում է նաեւ չթաքցնել հարկվող շրջանառությունը` կնքվող պայմանագրերում ճշգրիտ արտացոլելով հոնորարի չափը, ճշգրիտ որոշել ծառայությունների մատուցման պահը եւ օրենքով սահմանված կարգով դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր, չխուսափել հարկման հատուկ համակարգից ընդհանուր համակարգի անցնելուց, ինչպես նաեւ չտրոհել ձեռնարկատիրական գործունեությունը մի քանի սուբյեկտների միջեւ:
Միաժամանակ հայտնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է երկխոսության փաստաբանների հետ՝ հարկային վարչարարությանը վերաբերող ցանկացած հարցով»,-ասաված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը