06 10 2018

Կաշառակերությանը ներում չի լինելու. պատժվելու է նաև վերադասը. Օսիպյան



Հոկտեմբերի 6-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:

Ոստիկանության պետը նշեց, որ քաղաքացիներից շատերն այսօր դրական են գնահատում ոստիկանության ծառայությունը, և պետք է արվի ամեն ինչ` ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ:

Վալերի Օսիպյանը խոսեց ծառայության մեջ տեղ գտած թերությունների մասին: Նա նշեց, որ հաճախ քաղաքացիները դժգոհում են հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքից` մասնավորապես, որ հերթեր են գոյանում, որոնց վերացման համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել:

Վալերի Օսիպյանը կրկին շեշտեց, որ ոստիկանությունում կոռուպցիոն դրսեւորումները պետք է բացառվեն, եւ իր համար անհասկանալի են դեպքերը, երբ մայրաքաղաքում վարորդական իրավունք ստանալու համար վատ քննություն հանձնած քաղաքացին հանկարծ դրական է գնահատվում մարզում: Ոստիկանության պետը խստագույնս զգուշացրեց, որ կաշառակերության որեւէ փաստի արձանագրման դեպքում ներում չի լինելու, եւ պատժվելու է ոչ միայն տվյալ ծառայողը, այլեւ նրա վերադասը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքներին վերաբերող այլ հարցեր եւս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ