05 10 2018

Համաներման նախագիծը պատրաստ է եղել մայիսից. Զեյնալյան

Համաներման նախագիծը պատրաստ է եղել մայիսից. Զեյնալյան

Թեև Հայաստանի ՔԿՀ-ներում այսօր չունենք գերբեռնվածության խնդիր, ավելին, ներկայում գրանցված է դատապարտված եւ կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը (1870 դատապարտյալ եւ 1101 կալանավորված անձ), այդուհանդերձ, Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ որոշեց դիմել բացառիկ քայլի և Կառավարության նիստում դռնփակ ռեժիմով քննարկված «Համաներման մասին» օրենքի նախագիծն արժանացրեց հավանության: Այն պետք է ընդունի Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նոր կառավարության կազմավորման առաջին իսկ օրվանից աշխատել ենք այս նախագծի վրա ու այն պատրաստ է եղել դեռեւս մայիսին, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաներումը զուտ քաղաքական գործընթաց չէ, այլեւ՝ իրավական, կառավարչական եւ որը պահանջում է խորը ուսումնասիրություն ու վերլուծություն, հաշվարկ, կանխատեսումներ՝ այն այսօր ներկայացվեց Կառավարության հաստատմանը:

Սիրելիներս, համաներմանը չի կարելի վերաբերվել որպես մեխանիկական գործընթացի, իսկ առիթին, որպես՝ պատրվակի: Այս համաներումը կատարվում է ի նշանավորումն Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի: Պետք է գիտակցել, որ Կառավարությունը, Ազգային ժողովը, պետությունը, դատապարտյալին, հանցագործության մեջ կասկածվողին ներում է, ազատում է պատժից հանրության անունից՝ ում դեմ ուղղված է եղել ներվողի կողմից գործած հանցանքը, ում առջեւ նա մեղք է գործել (առաջնորդվում ենք դատական ակտերի օրինականության կանխավարկածով՝ չմասնավորեցնելով այն դեպքերը, երբ դատական ակտերի արդարացիության նկատմամբ առկա է հանրության տարակուսանքը):

Անձը պետք է փոխի իր վարքագիծն ու վերաբերմունքը հանրության, պետության, մարդու եւ մարդու իրավունքների հանդեպ եւ, ազատության մեջ հայտնվելով, անի առավելագույնը՝ անազատության ու քրեակատարողական հիմնարկների ճանապարհը մոռանալու համար, իսկ ներվածի կողմից կրկին հանցանք կատարելու, անձանց՝ հանրության ներկայացուցիչների իրավունքները խախտելու դեպքում, Կառավարությունը կկորցնի այն վստահության ռեսուրսը, որ ստացել էր հանրությունից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ