ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է հայաստանյան իրականության մեջ առկա երկու կարևոր հարցերի, որոնք, ըստ նրա, լուծման կարիք ունեն:
«Առաջին, պետք է օրենքի մակարդակով արգելել երեխաների առողջությանը, լիարժեք ու ներդաշնակ զարգացմանը սպառնացող (այդ թվում՝ ոչ բնական սեռական հարաբերությունների վերաբերյալ) քարոզչությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Handyside v. United Kingdom գործով 1976թ. որոշմամբ և Hertzberg v. Finland գործով 1982թ. որոշմամբ ճանաչել է պետությունների ինքնավարությունը հանրային բարոյականության ոլորտում քաղաքականություն մշակելու և իրացնելու հարցերում՝ նշելով, որ առկա չեն համընդհանուր չափորոշիչներ արարքների բարոյականության որակման համար:
ՄԻԵԴ-ը նշել է, որ եթե անձնական կյանքի անձեռնմխելիության առումով անձն ունի լայն իրավունքներ, որոնք պետությունը չպետք է խախտի, այդ թվում՝ սեռական կողմնորոշման կապակցությամբ, ապա սեռական կողմնորոշման հարցերի հանրային քարոզչության և արտահայտման այլ ձևերի մասով պետությունն իրավունք ունի միջամտել՝ հանրային բարոյականության և այդ թվում երեխաների շահերից ելնելով:
ՄԻԵԴ-ը սահմանել է, որ չափահասների՝ սեռական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքն ստորադասվում է երեխաների բարոյական դաստիարակության ապահովման շահին:
Ընդ որում, նմանատիպ որոշում ունի նաև ԱՄՆ-ի գերագույն դատարանը United States v. Windsor գործով (2013թ.):
Երկրորդ,պետք է օրենքի մակարդակով արգելել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող տարածքներում, եկեղեցիներում, վանքերում և այլ սրբավայրերում հանրահավաքների անցկացումը, ինչպես նաև անվայելուչ վարքագիծը:
Անկախ Եկեղեցու որևէ ներկայացուցչի նկատմամբ հասարակության մի խմբի իրավացի կամ անիրավացի վերաբերմունքից, Եկեղեցու դեմ ոտնձգությունը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ:
Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության մակարդակով ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը