14 09 2018

«Զիբիլիքս»-ի գործով 11 անձի մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

«Զիբիլիքս»-ի գործով 11 անձի մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձի մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հ. Ա.-ն, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը:

Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հ. Ա.-ն դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ս. Ս.-ին: Վերջիններս համատեղ կազմակերպել և ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները: Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից ՀՀԿ-ի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` Հ. Ա.-ն մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես՝ ընտրողներին մեկ քվեի համար որպես կաշառք տալ 10.000 ՀՀ դրամ՝ ընտրություններին նրանց մասնակցությունը և ՀՀԿ-ի օգտին քվեարկելն ապահովելու համար:

Այդ, ինչպես նաև նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծված ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով Հ. Ա.-ն ներդրել է 48.417.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև նույն նպատակներով օգտագործելու համար Ս. Ս.-ի կողմից 2017 թվականի մայիս ամսվա սկզբին տրամադրված 15.000.000 ՀՀ դրամ գումարը: Հ. Ա.-ն և Ս. Ս.-ն ներդրված գումարը որոշակի խմբաքանակներով (1.350.000 ՀՀ դրամից մինչև 8.250.000 ՀՀ դրամ) նախընտրական փուլում՝ 2017 թվականի մայիսի սկզբից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, բաշխել են պայմանականորեն որպես ենթաշտաբերի և ընտրատեղամասերի պատասխանատուներ նշանակված, Արաբկիր վարչական շրջանի առանձին տեղամասերում ընտրողների վստահությունը վայելող իրենց համախոհներին՝ նրանց օժանդակությամբ կաշառքի գումարներն ընտրողներին հասցեական տալու և իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար:

Ի թիվս այլ անձանց, հիշյալ նպատակներով գումարներ են հատկացվել ենթաշտաբերի և տեղամասերի պատասխանատուներ Ա. Ա.-ին՝ 5.000.000 ՀՀ դրամ, Ե. Բ.-ին՝ 5.000.000 ՀՀ դրամ, Ա. Գ.-ին՝ 7.000.000 ՀՀ դրամ, Հ. Գ.-ին՝ 6.250.000 ՀՀ դրամ, Մ. Շ.-ին՝ 6.250.000 ՀՀ դրամ, Ա. Խ.-ին՝ 8.250.000 ՀՀ դրամ, Տ. Ս.-ին՝ 5.000.000 ՀՀ դրամ, Ս. Հ.-ին՝ 5.650.000 ՀՀ դրամ:

Հ. Ա.-ից և Ս. Ս.-ից ստանալով ընտրողների համար նախատեսված կաշառքի գումարները` ենթաշտաբերի և տեղամասերի պատասխանատուները Արաբկիր վարչական շրջանի մի խումբ ընտրողների որպես կաշառք տվել են մեկ քվեի դիմաց 10.000-ական ՀՀ դրամ:

Հ. Ա.-ի, Ս. Ս.-ի և նրանց օժանդակող անձանց հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Ա.-ին և Ս. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա. Ա.-ին, Ե. Բ.-ին, Ա. Գ.-ին, Հ. Գ.-ին, Մ. Շ.-ին, Ա. Խ.-ին, Տ. Ս.-ին, Ս. Հ.-ին և Հ. Փ.-ին մեղադրանքներ են առաջադրվել 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հանցագործության կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու նպատակով քրեական գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ