05 09 2018

Մեղադրյալի անձնագիրը վերցնելու դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել․ ՀՔԾ

Մեղադրյալի անձնագիրը վերցնելու դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել․ ՀՔԾ

ՀՔԾ-ն, կարևորելով հանրության` օբյեկտիվ իրազեկում ստանալու իրավունքը, հարկ է համարում անդրադառնալ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր հրավիրած մամուլի ասուլիսին:

Մասնավորապես, պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնագրերի` նախաքննական մարմնում պահվելու հարցին, նշել է որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի` մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթն իրականացնող մարմնում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումին համապատասխան, 2017 թվականին ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քաջածանոթ լինելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման բովանդակությանը, հարկ է համարում նշել, որ հիշյալ որոշմամբ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի որևէ նորմ, այդ թվում` «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» դրույթը, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել, որպիսի պայմաններում առնվազն անհասկանալի է պաշտպանի նման` իրականությանը չհամապատասխանող և միևնույն ժամանակ չհիմնավորված ինքնավստահությամբ հնչեցրած դիրքորոշումը:

Հաշվի առնելով վերոգրյալը` կարող ենք ենթադրել, որ Արամ Օրբելյանի կողմից նման դիրքորոշման բարձրաձայնումը կամ ՀՀ ՍԴ որոշմանը ծանոթ չլինելու արդյունք է, կամ հետապնդում է փաստերը խեղաթյուրելով հասարակությանը մոլորեցնելու և ՀՀ հատուկ քննչական ծառայության օրինական գործունեությունը ստվերելու նպատակ, ինչը կասկածի տակ է դնում հենց պաշտպանի` որպես փաստաբանի և իրավաբանի կոմպետենտությունը, ուստի հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ քննչական մարմինը իրավունք չունի պահել որևէ անձի անձնագիր իր մոտ, եթե առկա չէ համապատասխան խափանման միջոց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ