25 08 2018

Մանվել Գրիգորյանին մեկուսարանում նկարողն ԱԱԾ աշխատակից է․ ծառայողական քննություն է նշանակվել

Մանվել Գրիգորյանին մեկուսարանում նկարողն ԱԱԾ աշխատակից է․ ծառայողական քննություն է նշանակվել

Մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով Ազգային անվտանգության ծառայությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին Հրազդանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը դատապարտեց լուսանկարի տարածումը։ «Ես շատ ցավում եմ, որ նման բան եղավ: Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դա անընդունելի արարք է: Հայտնաբերվել է՝ ով է լուսանկարահանողը: Չեմ թաքցնի՝ մեր աշխատակիցն է, ով մեկուսարանում բարձր պաշտոն է զբաղեցնում։ Նա լուսանկարել է, փոխանցել ՝ ընկերոջը, որը բնակվում է ոչ Հայաստանում: Դրանից հետո լուսանկարը տարածում է գտել և արդյունքում հայտնվել մամուլում։ Մեզ մոտ ծառայողական քննություն է նշանակվել, որից հետ եթե պարզվի, որ իր արարքը քրեորեն պատժելի է, նա կմեղադրվի, եթե քրեորեն պատժելի արարք չլինի, կհեռացվի աշխատանքից։ Ես հասարակությունից ներողություն եմ խնդրում, որ նման արտահոսք է եղել մեր մոտից»,-նշեց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև «Երևան» հիմնադրամի հետ կապված գործին՝ նշելով, որ այն իր ժամանակացույցով գնում է, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել հարցաքննության, հենց հրավիրվի՝ կիմանանք: 

Այն դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների «Երևան» հիմնադրամի գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն ունի Տարոն Մարգարյանի հետ, դրա համար է գործը ձգձգվում, Վանեցյանը պատասխանեց. «Դա բացարձակ սուտ է, նման բան չկա: Գործը ձգձգվում է միայն նրա համար, որովհետև պետք են մասնագիտական խոր հաշվարկներ, որը ժամանակի խնդիր է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ