ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից 18.08.2018 թվականին հաղորդում է ստացվել, որ 4 ժամկետային զինծառայողներ տևական ժամանակ բուժում ստանալուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվում են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ չեն ապաքինվել և վերջնական բուժում չեն ստացել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նշված խնդիրը պարզաբանելու նպատակով զինվորական հոսպիտալ են այցելել ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և այլ պաշտոնյաներ:
Այցելության ժամանակ պարզվել է, որ տարբեր զորամասերի 4 ժամկետային զինծառայողներ, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվելով պիտանի, զինվորական ծառայության սահմանափակումով դուրս են գրվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ից, սակայն հրաժարվել են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ լիովին չեն ապաքինվել և ունեն բուժման կարիք:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից բացատրական աշխատանքների արդյունքում զինծառայողներ Հ. Հովհաննիսյանը և Ա. Ավոյանը պատրաստակամություն են հայտնել վերադառնալ զորամաս և շարունակել ծառայությունը, իսկ Ա. Կիրակոսյանը և Յու.Ղուկասյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել են համապատասխանաբար ՌՈ ընդունիչ-բաշխիչ և ՀՀ ՊՆ N զորամաս:
Նշված զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը