Փաստաբանների պալատը դադարեցրել է փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական արտոնագիրը։ Վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվելուց հետո է զրկվել արտոնագրից. այս առնչությամբ փաստաբանը դիմել է ՓՊ-ին։
«ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանին՝ ի պատասխան Ձեր 20.07.2018 թվականի թիվ 05/04/104 4-18 գրության: Ձեր գրության մեջ նշել եք, որ «2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած և ներկայումս գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի մի շարք նորմերից բխում է, որ վարչապետի խորհրդականի պաշտոնը հանդիսանում է հանրային պաշտոն, որը զբաղեցնելն անհամատեղելի է համարվում փաստաբանական գործունեության հետ և հիմք է հանդիսանում փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցման համար»:
Ձեր գրության մեջ մատնանշած օրենքի մի շարք նորմերից չի կարող բխել, որ ես հանրային ծառայող եմ, քանի որ ես այդպիսին չեմ հանդիսանում: Այսպես.27.06.2018 թվականի ՀՀ վարչապետի թիվ 845 որոշմամբ ես նշանակվել եմ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:
«Հանրային ծառայության մասին» օրենքը բազմաթիվ դրույթներ է պարունակում, որոնք վերաբերվում են հանրային ծառայողի երաշխիքներին, սոցիալական արտոնությունների, կարգավիճակին, որոնք որևէ կերպով չեն վերաբերվում հասարակական հիմունքներով խորհրդականին: Չի կարող հասարակական հիմունքներով խորհրդականը համարվել հանրային ծառայող և որևէ կերպ չօգտվել հանրային ծառայողին վերապահված երաշխիքներին և արտոնություններից, չկրել հանրային ծառայողին օրենքով վերապահված իրավունքներ և պարտականություններ: Կարելի է ևս տասնյակ հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու ես չեմ հանդիսանում հանրային ծառայող, սակայն հույսով եմ, որ ներկայացված հիմնավորումները բավարար են այդպիսիք ընդունելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլայ Բաղդասարյանը:
Արտոնագրից զրկված փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր համացանցից տեղեկացա, որ փաստաբանների պալատի խորհուրդը դադարեցրել է իմ փաստաբանական արտոնագիրը»: Որոշման համար նա մեղադրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:
«Արտոնագրիս գործողությունը դրանով չի դադարում, նման որոշումները ուժի մեջ են մտնում մեկ ամիս հետո, որի ընթացքում կարող են բողոքարկվել դատարան: Բնականաբար բողոքարկելու եմ և մինչև վերջնական դատական ակտը արտոնագիրս ուժի մեջ է, առնվազն դեռ 1 կամ 1.5 տարի, ուստի հաճախորդներս կարող են չանհանգստանալ»,-հավելել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը