10 08 2018

Խաչատուրովի պաշտպանը պահանջում է վերացնել կալանքի մասին որոշումը

Խաչատուրովի պաշտպանը պահանջում է վերացնել կալանքի մասին որոշումը

ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ բողոքարկելով առաջին ատյանի կայացրած որոշումը: Այս մասին օգոստոսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը:

«Թեև Խաչատուրովի համար որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, սակայն գրավը հանդիսանում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այսինքն դատարանը գտել է, որ Յուրի Խաչատուրովի համար կալանքը թույլատրելի է: Կալանքը թույլատրելի ճանաչելու համար պետք է հիմնավորված լինի անձի առնչությունը առաջադրված մեղադրանքին և հետո նոր քննարկվի կալանավորման հիմքերը: Մեր դեպքում դատարանը հիմնավորված էր համարել, որ Խաչատուրովը առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ, այսինքն՝ Յուրի  Խաչատուրովը սահմանադրական կարգը տապալելու գործողություններ չի իրականացրել: Եվ այս հանգամանքը հաշվի առնելով, միևնույն է, դատարանը որոշել է, որ կալանքը թույլատրելի է: Մենք կարծում ենք, որ այս պայմաներում կալանքն անթույլատրելի էր և հենց այդ հիմքով բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան և խնդրում ենք, որ Վերաքննիչը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը և վերացնի կալանքի մասին որոշումը»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ