Օգոստոսի 8-ին «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվեց դատարանին: Պավլիկ Մանուկյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Շաքե Իսայանը:
Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս մեղադրող Արամ Արամյանը միջնորդեց հարցաքննել Պավլիկ Մանուկյանին՝ հաշվի առնելով վերջինիս կողմից հուլիսի 17-ին հնչեցրած հայտարարությունը և նախորդ դատական նիստում իր հայտարարությունը հաստատելու մասին ելույթը: Արամ Արամյանը նշեց, որ իր միջնորդությունը դատարանը պետք է ավելի շուտ քննի, քան խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
Դատավոր հայտարարեց, որ հարցքաննությունը վերաբերում է Էդվարդ Գրգորյանի և Մխիթար Ավետիսյանի ենթադրաբար իրականացրած գործողություններին:
Պավլիկ Մանուկյանը պնդեց իր ավելի վաղ արված հայտարարությունը.
«Ես արդեն հայտարարել եմ, որ դա բացարձակ ճշմարտություն է: Եթե այս քայլն Էդվարդ Գրիգորյանի փոխարեն կատարած լիներ Արամ Մանուկյանը՝ իմ տղան, ժողովուրդ, ես հայտարարելու էի, որ այդ պատահական կրակոցի հեղինակը իմ տղան է, չնայած Արամ Մանուկյանն ինքն էր ասելու, որ ես եմ: Իմ ասածը բացարձակ ճշմարտություն է, դա պատահական կրակոց էր»:
Պավլիկ Մանուկյանը նաև հայտարարեց, որ իր հետ զենք է տարել ՊՊԾ գունդ:
«Այո´, իմ հետ զենք եղել է, ես վերցրել եմ իմ հետ իմ ձեռքով սպանված թուրք ավագ լեյտենանտի զենքը, էդ զենքն իմ կյանքով մեկ անցել է, և դատավարության ավարտից հետո էդ զենքը ես պահանջելու եմ ձեզանից բոլորից: Դա արդարության համար է, դա նախատեսված չէ ինչ-որ մի հայի դեմ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը