ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները մի շարք հարցեր էին բարձրացրել, որոնց վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
1. «Որևէ ՔԿՀ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ սանհանգույցները իսկական պատուհաս են»- շեշտել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:
Այս հարցի կապակցությամբ բազմիցս հայտնել ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել անազատության մեջ պահվող և տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց կարիքներին համապատասխան մատչելի պայմանների ստեղծման գործընթացին, մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են բժշկական նշանակության անհրաժեշտ սարքավորումները:
ՀՀ ԱՆ 11 հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: Քրեակատարողական հիմնարկներում հնարավորության դեպքում առանձնացվում են հաշվանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված վայրեր:
Ինչ վերաբերում է սանհանգույցների խնդրին, ապա հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և այլ քրեակատարողական հիմնարկների խցերում մշտապես կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, իսկ խոնավության պատճառ հանդիսացող արտաքին և ներքին կոյուղու համակարգի կապիտալ շինարարության աշխատանքները սկսվել են 29.05.2018 թվականից, և նախատեսվում են ավարտին հասցնել սույն թվականի սեպտեմբեր ամսին:
Բացի այդ, 25.06.2018 թվականին ավարտվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ներքին կոյուղու ցանցի, արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցի, սանհանգույցների, բաղնիքների, խոհանոցի, ներքին և արտաքին էլեկտրահամակարգի կապիտալ շինարարական աշխատանքների և էլեկտրական ենթակայանի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները, որտեղ ընդգրկվել է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար սանհանգույցների հարմարեցումը:
2. «Գործնական տարբերություններ մենք դեռ չենք տեսել, բացի հայտարարություններից»- ասում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը՝ անդրադառնալով թավշյա հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում տարվող աշխատանքներին:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների տարվող աշխատանքների բարելավման ուղղությամբ միշտ կատարվել են և ներկայումս էլ կատարվում են բազմաթիվ փոփոխություններ: Մասնավորապես, վերջին ամիսներին մեծածավալ աշխատանքներ են կատարվել քրեական պատիժների համակարգի աշխատանքի վերաիմաստավորման, քրեակատարողական ոլորտի քաղաքականության նոր ուղղությունների մշակման, Քրեակատարողական համակարգի գործունեությունը կարգավորուղ օրենսդրության արդիականացման և գործնական պատշաճ կիրառման ուղղությամբ: Մասնավորապես կատարվել են հետևյալ աշխատանքները՝
1.1 ՀՀ կառավարության կողմից 2018 թվականին ընդունվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 204-Ն որոշումը, որի համաձայն առողջապահական ծառայությունն առանձնացվում է և ստեղծվում է քրեակատարողական ծառայությունից անկախ մասնագիտական կառույց:
1.2 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: Իրականացվում են բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ:
1.3 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք:
1.4 Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Վերոհիշյալ օրենսդրական փաթեթով նախատեսված պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության վարությում արդեն իսկ ուսումնասիրվում է 21 դատապարտյալի գործ, որոնց պայամանական վաղաժամկետ ազատման իրավունքը ծագելու է 2018 թվականի սեպտեմբերի 1 –ից հետո:
1.5 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած «Ներման մասին» ՀՕ- 149-Ն ՀՀ օրենքի հիման վրա, մշակվել են ենթաօրենսդրական ակտեր և ապահովվել է ներման ինստիտուտի նոր համակարգի գործնական կիրառությունը: Օրենքն ընդունվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստացվել է 147 խնդրագիր, որից 82-ը արդեն ուղարկվել են ՀՀ կառավարություն»
1.6 ՀՀ ԱՆ կողմից մշակվել և 2018 թվականի հուլիսի 17-ին ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով սահմանվել են փակ և կիսափակ քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստ անցկացնելու հստակ հիմքեր և արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված երաշխիքներ:
1.7 Կատարվել են բազմաթիվ կադրային փոփոխություններ: Իրականացվում են կադրերի վերապատրաստման աշխատանքներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը