Օրերս զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից քննարկվում է «Աշտարակ կաթ» ընկերության վաճառքի մասին ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի հայտարարությունները: «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատերը հայտարարել էր, որ գործարանն իր ձեռքից խլել են և մանրամասներ էր ներկայացրել՝ խոստանալով դիմել իրավապահներին՝ «արդարությունը վերականգնելու ակնկալիքով»:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ այդ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով:
«Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև սոցիալական ցանցերրի օգտատերերի կողմից ակտիվ քննարկման առարկա է դարձել «Աշտարակ կաթ» ընկերության վաճառքի վերաբերյալ ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի հայտարարությունները: Հաշվի առնելով հանրային հետաքրքրության գործոնը՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից այդ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով»,- գրել է գլխավոր դատախազի խորհրդականը ֆեյսբուքյան իր էջում:
Նշենք, որ «Աշտարակ կաթի» սեփականատեր «Պարգև» ՍՊԸ-ն ֆեյսբուքյան էջի միջոցով հաստատել էր այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը և «Պարգև» ՍՊԸ-ի ղեկավարները հանդիպել են: ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել նաև այն մասին, որ հանդիպման ժամանակ Աճեմյանն իբր սպառնալիքներ է հնչեցրել՝ գործարանը նախկին սեփականատիրոջը վերադարձնելու նպատակով: «Պարգև» ՍՊԸ-ն, սակայն, հերքել է սպառնալիքների մասին լուրերը: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ ՀՀ վարչապետի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի և «Պարգև» ՍՊԸ ղեկավարների միջև իրոք տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ իրապես քննարկվել է Աշտարակ Կաթ ապրանքային նշանը «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին փոխանցելու հնարավորությունը, սակայն սպառնալիքներ չեն հնչել, ինչպես մեջբերված է լրատվական կայքում։
«Պարգև» ՍՊԸ-ն ներկայացրել է բոլոր օրինական հիմքերը, որոնք թույլ են տալիս օգտագործել, տնօրինել և տիրապետելել Աշտարակ Կաթ ապրանքային նշանը, ինչպես նաև այլ վերաբերելի գույքը։ Մեր կողմից մանրամասն ներկայացվել է գործընթացի ամբողջ նախապատմությունը և իրավական հիմքերը և գտնում ենք, որ ստեղծված իրավիճակը բացառապես հետևանք է «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի ինչպես նաև հնարավոր այլ շահագրգիռ կողմերի ոչ իրատեսական և չհիմնավորված պահանջների, որոնք փորձում են երկրում ձևավորված դրական մթնոլորտը ինչպես նաև նոր իշխանությունների որոշ մանրամասների չտիրապետելը ծառայեցնեն իրենց ոչ իրավաչափ և անտրամաբանական շահերին, ինչը կարծում ենք շատ շուտով կստանա համապատասխան գնահատական։
«Պարգև» ՍՊԸ-ն, ողջունելով ՀՀ կառավարության՝ երկրում իրավունքի գերակայությունն հաստատելու քաղաքականությունը, ունի այն համոզմունքը, որ ՀՀ Կառավարությունը չի միջամտի «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի և հնարավոր այլ շահագրգիռ կողմերի կողմից արհեստականորեն ստեղծված վեճին և դրա լուծումը կտրվի բացառապես օրենքով սահմանված կարգով՝ դատարանի միջոցով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը