ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո մայրաքաղաքում և հանրապետության տարբեր շրջաններում բազմաթիվ բողոքի ակցիաներ են կազմակերպվել, սակայն ոստիկանությունը մշտապես զուսպ է եղել և որևէ գործողության չի դիմել կամ խոչընդոտել ցույցերի անցկացմանը: Եվ ահա հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանն անցկացվող շուրջօրյա բողոքի ակցիայի մասնակիցներին հեռացրել են դիվանատան վարչական շենքից՝ վերականգնելով հաստատության բնականոն աշխատանքը։
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ օրերս և՛ հոգևորականներից, և՛քաղաքացիներից ոստիկանությունում բազմաթիվ բողոքներ են ստացվել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը շուրջօրյա բողոքի ակցիա իրականացնող անձինք խաթարում են հաստատության բնականոն գործունեությունը։
Բացի այդ, ակցիայի մասնակիցների և մյուս կողմի միջև առկա էր հնարավոր բախումների վտանգ, որը նախկինում ոստիկանները կանխել էին, սակայն լարվածությունը այդպես էլ չէր մարում։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացրել են դիվանատան վարչական շենքից՝ վերականգնելով հաստատության բնականոն աշխատանքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը