09 07 2018

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանից փորձել են գումար շորթել

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանից փորձել են գումար շորթել

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանից 2015թ.-ին շորթմամբ գումար ստանալու փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Առաքելյանը պատգամավոր Հովհաննես Սահակյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու նպատակով Հայկ Սարգսյանի և քննությամբ չպարզված այն անձանց հետ նախնական համաձայնությամբ 2015թ. հունիս-հուլիսին համացանցային կապի միջոցների օգտագործմամբ, առանց Հովհաննես Սահակյանի համաձայնության, ապօրինաբար հավաքել և պահել են վերջինիս վերաբերյալ` անձնական գաղտնիք համարվող արատավորող տեղեկություներ: Այնուհետև այդ տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով Հովհաննես Սահակյանից պահանջել են իրենց տալ 100 հազար դոլար, որի չափը, հետագայում սակարկվել է, սակայն Հովհաննես Սահակյանը պահանջված գումարը չի տվել:

Տիգրան Առաքելյանին և Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի մասով, այն է՝ շորթում խոշոր չափերով, և 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:

Առաքելյանն ու Սարգսյանը ստորագրությամբ ազատ են արձակվել:

Գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ