13 06 2018

Կալանավորման պրակտիկայի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ կձեռնարկվեն

Կալանավորման պրակտիկայի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ կձեռնարկվեն

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից:

Նիստի ընթացքում քննարկվել են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների հիմնավորվածության պրակտիկային առնչվող հարցեր: Ընդգծվել է խափանման միջոց կալանքի ընտրության և կալանքի ժամկետը երկարացնելու լիարժեք օրինականության ապահովմանն ուղղված դատախազական հսկողությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այս ոլորտում արձանագրված ձեռքբերումները, առկա միտումները չեն արդարացնում ինչպես մեր սպասելիքները, այնպես էլ հանրային ընկալումը:

Առաջին, ըստ Արթուր Դավթյանի, յուրաքանչյուր գործով խափանման միջոցի ընտրության միջնորդության՝ ՀՀ դատախազության կոլեգիայի կողմից ընդունված կանոններին լիարժեք համապատասխանության ապահովման համատեքստում անհրաժեշտ է հատկապես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների պարագայում շեշտը դնել կալանքի հիմքերի ոչ թե հավանական կանխատեսելիության, այլ քրեական գործի նյութերով կալանքի հիմքերի մասին ռեալ փաստական տվյալների առկայության վրա:

Երկրորդ, ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման ցանկացած դեպքում պարտադիր դիտարկել այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության հարցը և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատելով ռիսկերը, լայնորեն կիրառել անձնական կամ կազմակերպությունների երաշխավորությունը, նաև գրավը՝ որպես խափանման միջոց:

Երրորդ, շեշտվել է, որ հատկապես կալանքի ժամկետների երկարացման դեպքում մանրամասն քննության առարկա պետք է դարձնել կալանավորման հիմքերի իրական շարունակականության առկայությունը, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմինների կողմից նախաքննության խնդիրների լուծման գործում պատշաճ ջանասիրության ցուցաբերումը:

«Այս ամենը, իհարկե, չի նշանակում, թե մենք միաժամանակ պատասխանատու չենք մեղադրյալի հետագա վարքագծի ճիշտ գնահատման, անազատության մեջ գտնվող մեղադրյալի դրսևորած բացասական վարքագծի հետևանքների առումով: Բայց միաժամանակ՝ որպեսզի դա չհանգեցնի մեղադրյալի ապագա վարքագծի գնահատման ընդարձակ հավանականությամբ վերջինիս իրավունքների չհիմնավորված սահմանափակման, յուրաքանչյուր դեպքում, երբ կընտրվի անազատության հետ չկապված խափանման միջոց, անհրաժեշտ է ապահովել, որ հետաքննության մարմիններն իրենց ողջ գործիքակազմի գործադրմամբ հետևեն, որպեսզի մեղադրյալի կողմից անազատության հետ չկապված խափանման միջոցի պայմանների խախտման յուրաքանչյուր դեպքում անմիջապես պատշաճ արձանագրվի այն, տրվի իրավաչափ արձագանք և վարույթ իրականացնող մարմնին անհապաղ տեղեկացնեն այդ մասին: Նույն նպատակով անհրաժեշտ է ցուցումներ տալ քննիչներին՝ քննչական գործողությունների միջոցով ստուգելու նույն պայմանների պատշաճ պահպանումը մեղադրյալների կողմից»,-նշել է Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազը հանձնարարել է խիստ հետևողական լինել նշված պահանջների՝ քննիչների, հսկող դատախազների կողմից ապահովման նկատմամբ, իսկ խախտման յուրաքանչյուր դեպքում պարտադիր կիրառել դատախազական ներգործության համաչափ միջոցներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ