ԱԺ նախկին պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և Ռուբիկ Հակոբյանը հանդես եկն եկել հայտարարությամբ, որտեղ միջնորդում են դատարանին, որ Սամվել Բաբայանի գործով բավարարվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեմ բերված բողոքը:
Հայտարարությունում ասվում է.
«Հերոսը պետք է ազատ արձակվի
Քաղաքական բանտարկյալ տերմինին այնքան շատ է անդրադարձ եղել, այն այնքան է չարաշահվել, այնքան են մեկնաբանվել այդ հասկացության չափանիշներն ու միջազգային մոտեցումը, որ այսօր կարևոր ենք համարում հիշեցնել եւ շեշտել, որ խոսքը, այս ամենից զատ, հերոսի մասին է:
Տարբեր ազգերին ու ժողովուրդներին բնորոշ է՝ իրենց համար կերտել հերոսներ, հաճախ՝ հորինել, պատվել նրանց, իսկ մենք մեր իսկական հերոսներին պահում ենք բանտում: Սամվել Բաբայանը հերոս է, և սրանով արդեն ամեն ինչ ասված է: Այսօր երկրում շատ բան է փոխվել, և վճռաբեկ դատարանն ունի հնարավորություն՝ ապացուցելու, որ փոփոխությունները հասնում են նաև դատաիրավական համակարգ։
Մինչ այդ շատ կարևոր է արձանագրել հանրային պահանջը՝ արդար դատավարություն և արդար վճիռ։
Դիմում ենք երկրի գիտակրթական, մշակութային վերնախավի ներկայացուցիչներին, նոր Հայաստանի ազատ մտավորականներին. բարձրացրեք ձեր ձայնը` արդար դատաքննության եւ արդար վճռի պահանջով։ Դիմում ենք ԱԺ մեր նախկին գործընկերներին, բոլոր խմբակցությունների պատգամավորներին, ովքեր, վստահ ենք, կիսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ազգային արժեքներին հարգանքով վերաբերվելու՝ մեր սկզբունքները:
Այսօր դուք կարող եք, ամրապնդելով հանրային պահանջը, հանդես գալ միջնորդությամբ՝ դատարանին հորդորելով.
Սամվել Բաբայանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ։ Սա է պահանջում կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության շահը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը