Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտումներ է արել:
Համաձայն ՊԵԿ-ի՝ Երևանի Արշակունյաց 124/4 հասցեում առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, ավելի քան 200քմ արտադրական տարածքում հայտնաբերվել է մրգի համար նախատեսված փայտյա արկղերի արտադրություն՝ երեք չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ: Ըստ քաղաքացու հայտարարության՝ մարտի 15-ից իրականացրած գործունեության արդյունքում ստացված ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 500 հազար դրամ: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում արտադրությունում օգտագործված փայտանյութի հումքի ձեռքբերման աղբյուրը ճշտելու նպատակով: Տիչինայի 1-ին նրբանցք, 14 տան հասցեում հայտնաբերվել է ապրիլի 2-ից հարկային դաշտից դուրս՝ առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու գործող լավաշի արտադրամաս՝ 40քմ տարածքով:
Երևանի Արարատյան 99 հասցեում քաղաքացին 50քմ վարձակալած տարածքում մայիսի 1-ից իրականացրել է պոլիմերային թափոններից ստացվող երկրորդային հումքի արտադրություն՝ երկու չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ: Քաղաքացու հայտարարության համաձայն՝ ապօրինի գործունեության արդյունքում ստացված ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 400 հազար դրամ: Նույն հասցեում, մեկ այլ քաղաքացի, կրկին շրջանցելով հարկային դաշտը, 60քմ վարձակալած տարածքում մայիսի 15-ից է իրականացրել նմանատիպ գործունեություն՝ մեկ չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ: Այս դեպքով էլ՝ ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 320 հազար դրամ:
Երևանում հայտնաբերվել է նաև ապօրինի գործող մերսման սրահ: Պարզվել է, որ երկհարկանի շինությունում առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման գործող մերսման սրահում, բացի գործունեության կազմակերպչից, աշխատել է ևս 5 չգրանցված վարձու աշխատող:
Արարատի մարզի Վեդի քաղաքում բացահայտվել է առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, լիցենզավորման ենթական գործունեությունն առանց լիցենզիայի գործող ատամնաբուժարան: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել են նաև ապօրինի գործող խաղային համակարգերի տեղադրմամբ և խաղային սկավառակների վարձույթով զբաղվող ստուդիա, ավտոտեխսպասարկման կետեր, կահույքի, սառույցի պատրաստման արտադրամասեր և այլն: Բոլոր դեպքերով ճշտվում է պետությանը պատճառված վնասի չափը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը