ԴԱՀԿ-ում 423,3 մլն դրամ բռնագանձելու վերաբերյալ ավելի քան 47.000 վարչական ակտերով մերժվել է կատարողական վարույթի հարուցումը, քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։
Ծառայությունը տեղեկացրել է, որ 17.05.2018թ.-ին ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, որով նախաքննություն է իրականացվում 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մի շարք դրվագներով:
Ըստ ԴԱՀԿ ծառայության կողմից տրված պարզաբանման՝ կատարողական վարույթների հարուցումը մերժվել է ծառայության էլեկտրոնային համակարգի կողմից՝ պարտապանի անձնագրի համարի, հանրային ծառայությունների համարանիշի կամ այլ տվյալների բացակայության պատճառով:
Մերժված 5113 վարույթներում պարտապանների հանրային ծառայությունների համարանիշերի վերաբերյալ տվյալներ առկա են եղել: Ընդ որում, վերը նշված վարչական ակտերով 989 անձի վերաբերյալ (նրանց վերաբերյալ ստացվել է 1798 վարչական ակտ) ծառայությունում հարուցվել են այլ կատարողական վարույթներ: Այսինքն` էլեկտրոնային համակարգի կողմից 1798 վարչական ակտով կատարողական վարույթի հարուցումն անհիմն կերպով մերժվել է, որի արդյունքում 17.1 մլն դրամ գումարը չի բռնագանձվել:
Բացի այդ, ստուգմամբ պարզվել է, որ 2016 թվականին հարուցված և ավարտված վարույթներով 1 մլն դրամը գերազանցող` բռնագանձման ենթակա գումար ունեցող 120 պարտապաններ, իսկ 2017 թվականին ավարտված վարույթներով` 86 պարտապաններ ունեցել են սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել: Նշված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարը կազմել է 152,8 մլն դրամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը