Մայիսի 23-ին խորհրդարանում լրագրողներ հետ զրույցում Միհրան Պողոսյանն ասաց, թե ցավում է, որ վերջին շրջանում ձերբակալված կամ համապատասխան մարմիններ հրավիրված անձանց ցանկում նաև իր օգնականի անունն է: Նա ասաց, որ համապատասխան մարմիններից ակնկալում է անաչառություն և համոզմունք է հայտնում, որ 1-2 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի:
«Իմ խորին համոզմամբ` նա նման բան չի արել, բայց ես չեմ կարող օֆիցիալ հայտարարություն անել և երաշխավորել նրա համար: Ես կարող եմ երաշխավորել միայն ինձ համար: Դրա համար գոյություն ունեն համապատասխան մարմիններ: Նրանց հորդորում եմ լինել աչալուրջ, իրատեսական, պրոֆեսիոնալ, չդիտարկել ո'չ ընդդիմություն, ո'չ իշխանություն: Բացառում եմ, որ իմ օգնականը հայտարարի, որ հրահանգ է ստացել իմ կողմից, որովհետև նման բան չկա: Մնացած ոչինչ ես չեմ բացառում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ եթե պարզվի իր օգնկանը նման բան է արել, պետք է պատիժը լինի ամենախիստը:
Հիշեցնենք՝ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել էին Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց էր մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել էին մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակածներին:
Մայիսի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ պարզվել է կասկածյալներից մեկի ինքնությունը. Նա Երևանի բնակիչ Ա.Իսոյանն է՝ ծնված՝ 1988թ. և ձերբակալվել է՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ ձերբակալվածն ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օգնականն է:
Լրագրողները հարց ուղղեցին նաև մենաշնորհների մասին՝ արդյո՞ք բանանի գնի իջեցումը մենաշնորհների վերացում է նշանակում։
«Մենաշնորհները վերացել են Կարեն Կարապետյանի օրոք։ Սա իմ կարծիքն է։ Չգիտեմ, գուցե տնտեսական զարգացման համար որոշակի լավ քայլեր Կարեն Կարապետյանի օրոք եղել են, գուցե վատ է եղել, բայց այն, որ մենաշնորհների սառույցը Կարեն Կարապետյանի օրոք կոտրվեց, ես` որպես տնտեսագետ և որպես իրավաբան, կարող եմ փաստել»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանի օրոք բոլոր ներմուծողներն են օրենքի առաջ հավասար էին, պատգամավորը պատասխանեց. «Եթե կան այդպիսիք, ովքեր որոշակի գործառույթներ են իրականացրել, որոնք օրենքին չեն համապատսխանում՝ մի ապրանքը մյուսի փոխարեն են մաքսազերծել կամ ընդհանրապես չեն մաքսազերծել, ես ջատագովն եմ, որ այդ բոլոր մարդիկ հայտնվեն վանդակների ներսում՝ կլինի ընդդիմությունից, թե` իշխանությունից։ Ես մի բան գիտեմ՝ պետության բյուջեին կպնել չի կարելի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը