ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպություններից բխող Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող հավանական վտանգների նախանշանների մասին է վկայել դեռևս 2018 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ՌԴ քաղաքացի, Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիևի ՀՀ քողարկված մուտք գործելու փորձի կանխումը։
Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական սահմանի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարանցիկ չվերթով Քենիայից Հայաստան ժամանած Ս.Բագանդգաջիևը փորձել է իր լուսանկարով, սակայն այլ անձի կենսորոշիչ տվյալներով Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։
Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Ս.Բագանդգաջիևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ հոդվածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի կողմից Ս.Բագանդգաջիևի հավաքագրման և վարձատրության դիմաց 2015 թվականի մայիս ամսից Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված ընդհարումներին վերջինիս մասնակցության վերաբերյալ։ Քննչական գործողությունների ընթացքում տվյալներ են ստացվել նաև Ս.Բագանդգաջիևի կողմից Երևանի և ՀՀ այլ քաղաքների առանձին տեղանքների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ միջազգային ահաբեկչական գործունեությանը Ս.Բագանդգաջիևի մասնակցության, կեղծ անձնագրի ձեռքբերման, ինչպես նաև Հայաստան նրա ժամանման հանգամանքներն ու իրական նպատակները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը