22 04 2018

Ձերբակալված պատգամավորներն անձեռնմխելի են. Ի՞նչ է նախատեսում ՀՀ Սահմանադրությունը

Ձերբակալված պատգամավորներն անձեռնմխելի են. Ի՞նչ է նախատեսում ՀՀ Սահմանադրությունը

Ապրիլի 22-ին ձերբակալվել են ԱԺ պատգամավորներ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խմբակցության անդամներ Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրությամբ, ԱԺ պատգամավորն անձեռնմխելի է:

Ի՞նչ է նախատեսում Սահմանադրությունը.

Մայր օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է.

«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը»:

Գլխավոր դատախազության հայտարարության մեջ ասվում է. «Հիշյալ պատգամավորները բռնվել են հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման պահին, որոնք դրսևորվել են աjն բանում, որ նրանք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ապրիլի 13-ից կազմակերպել և անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները: Իսկ 2018թ. ապրիլի 19-ից 22-ը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպել են հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չեն իրազեկել լիազոր մարմնին:

Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը, նրանց կողմից հրահանգվող անձինք պարբերաբար և կոպտորեն խախտել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ...» Դատախազության հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այստեղ:

ՀՀ գլխավոր դատախազը պետք է Ազգային ժողովի թույլտվությունը ստանա այս պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ