Մարտի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հրապարակվեց կազմակերպված խմբի կողմից ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավճիռները:
Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով:
Մեղադրող Ենոքյանը Սեֆիլյանի և գործով մյուս ամբաստանյալների մեղադրանքը համարել էր փաստարկված, և Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել 11 տարվա ազատազրկում, Գևորգ Սաֆարյանի և Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարի ազատազրկում:
Ամբաստանյալները չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը