11 05 2022

Ավանի թաղապետի նախկին տեղակալը մեղադրվում է ռազմամթերքի շրջանառության մեջ

Ավանի թաղապետի նախկին տեղակալը մեղադրվում է ռազմամթերքի շրջանառության մեջ

Ավանի թաղապետի նախկին տեղակալ Ներսես Պողոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրանքի՝ Ներսես Պողոսյանը չունենալով «Զենքի մասին» « օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելու եւ պահելու իրավունք, ինչպես նաեւ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ОС ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձեւակերպված համապատասխան թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող թվով 4 հատ «ТТ» տեսակի ատրճանակներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 7.62մմ/7.62ճ25/ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2022 թվականի մարտի 4-ին վերջինիս Երեւան քաղաքի Խուդյակով 136/1 տան խուզարկության ընթացքում:

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։

Ներսես Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատավոր Մանվել Շահվերդյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ