12 08 2024

2024թ․ առաջին կիսամյակում քննված վարույթներով  ձերբակալվել է 56 անչափահաս

2024թ․ առաջին կիսամյակում քննված վարույթներով  ձերբակալվել է 56 անչափահաս

«ՓաստԻնֆո»-ն գրում է․

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների վիճակագրությունը։

Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով 338 քրեական  վարույթ։

Հիշյալ քրեական վարույթներից 29-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 32 անչափահաս մեղադրյալի նկատմամբ ուղարկվել դատարան, 94-ը կարճվել է, որից 37-ը` ռեաբիլիտացնող, իսկ 57-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 1 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 12-ը` միացվել է, 70-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 132-ը փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Մասնավորապես, դատարան ուղարկված 29 վարույթներից

7-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու,
2-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված,
3-ը՝ ավազակության,
4-ը՝ գողության,
1-ը՝ շորթման,
1-ը՝ թմրամիջոցներների հետ կապված,
11-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով 77 անչափահասի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու  կամ դադարեցնելու մասին:

Քննված վարույթներով  ձերբակալվել է 56 անչափահաս, որից 46-ն ազատվել է արգելանքից: 10 անչափահասի նկատմամբ կալանքը որպես  խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 5-ը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 5-ը՝ մասնակի: 2 դեպքում դատարանի կողմից անչափահասի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ