18 08 2023

Բռնության սարսափելի տեսանյութի վերաբերյալ մանրամասներ՝ ՔԿ-ից, ոստիկանությունից, մարզպետարանից



 

Այսօր՝ օգոստոսի 18-ին, համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ մայրը խոշտանգում էր անչափահաս դստերը՝ երեխաների աչքի առաջ և նաև նրանց մասնակից դարձնում բռնությանը։

Այս կապակցությամբ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով․ «Օգոստոսի 18- ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը՝ Գավառի 34-ամյա բնակչուհին, հայտնաբերվել է: Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ կատարվածի դրդապատճառները։ Կնոջ բոլոր հինգ երեխաները ոստիկանությունում եղել են ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարությունը իր իրավասության սահմաններում, համագործակցելով համապատասխան մարմինների հետ, կիրականացնի հնարավոր բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ երեխաների իրավունքները պաշտպանելու համար: Հորդորում ենք բոլոր լրատվական կայքերին և օգտատերերին հեռացնել տեսանյութը»։

 

Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած մայրը՝ Ա․Ա․-ն, ձերբակալվել է։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, առանձին դաժանությամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը, որը կատարվել է այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, ինչպես նաև զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով) հատկանիշներով։

 

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմն իր հերթին պարզաբանում է տարածել․

«2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /նախկին մարզպետարանի/  ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր  իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի,  մարզի հասարակական կազմակերպությունների,  ինչպես նաև ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի  հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արևշատյանի ընտանիքի  խնդիրներով։ 

Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաև համապատասխան  փաստաթղթեր։

Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /մարզպետարանի/ ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր։

2023 թվականի մայիս ամսից ընտանիքը տեղափոխվել է։

Հետևաբար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տիրապետել»։

 

Նշենք, որ երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա փետրվարին կալանավորվել է՝ երեխայի նկատմամբ սեռական բռնության համար։

Երեխայի մայրը, որը ձերբակալված է, դատապարտված է եղել սուտ մատնության համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ