Երեւանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից քաղաքացի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով ուսումնասիրվել են տեսանյութերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը:
«Գոհ չենք դատական նիստերից: Վերջին դատական նիստին դատարանում ուսումնասիրվել է գործում առկա տեսանյութերը: Տեսանյութերում հստակ երեւում է, որ տեսուչը մինչեւ վթարը աղջկաս չի էլ տեսել: Նախորդ դատական նիստին էլ վարորդը, որը ՊՊԾ աշխատակից է, եղել է առաջին շարքում, նա կեղծ ցուցմունք է տվել այն մասին, թե տեսուչը տեսել է Սոնային, փորձել է նույնիսկ ձեռքով պահել, որ փողոցը չանցնի, բայց Սոնան անցել է: Ակնհայտ կեղծ ցուցմունք է տվել տեսուչը, բայց առայժմ դրա համար պատասխանատվության չի ենթարկվել»,- նշեց Մնացական Մնացականյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից քաղաքացի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու ողբերգական դեպքից մեկ տարի է անցել: Այժմ գործը դատաքննության փուլում է, հարցաքննվում են գործով վկաները, սակայն տուժողի իրավահաջորդները եւ նրանց փաստաբանը դժգոհություններ ունեն գործի ընթացքից:
Դատարան է մտել միայն վարորդի մասով գործը, իսկ ավտոշարասյան ղեկավարի մասով քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացվել: Այդ որոշումը տուժող կողմը բողոքարկել է, եւ Վերաքննիչ դատարանը տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտում է արձանագրել, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է խախտումները վերացնել, նաեւ արձանագրվել է, որ օբյեկտիվ քննություն չի իրականացվել: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազի տեղակալը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել, առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք դատարանը բողոքը վարույթ ընդունել է, թե՞ մերժել է:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը