Հարգելի՛ գործընկերներ, դատավորներ, ինչպես գիտեք, այսօր՝ ժամը 16:00-ին, կայանալու է Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում, ի թիվս ԲԴԽ անդամի ընտրության, դատավորները հնարավորություն ունեն նաև արտահայտելու իրենց վերաբերմունքը ԲԴԽ գործունեության վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Հարություն Հարությունյանը:
Նա նաեւ նշել է. «Հարգելի՛ դատավորներ, այսօր է երևալու, թե դուք միասնակա՞ն համայնք եք, թե՞ ոչ, պատրա՞ստ եք նվաստացուցիչ պայմաններում աշխատել, թե՞ ոչ, ի վերջո դուք առանձին իշխանությո՞ւն եք, թե՞ ոչ:
Վստահ եմ, որ դատավորների մեծ մասն ունի բավարար չափով արժանապատվության և անկախության զգացում և անկախ նեղ անձնական շահերից, գիտակցում է ստեղծված օրհասական իրավիճակի լրջությունը և պատրաստ է հանուն առաջին հերթին իրենց, մեր բոլորի և Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական իշխանության կայացման տեր կանգնել իր խախտված իրավունքներին՝ փորձելով ուղղել դատական իշխանության մեջքը:
Այն, որ Կարեն Անդրեասյանը հեռացվելու և պատասխանատվության է ենթարկվելու, ոչ ոք, կարծում եմ, չի կասկածում: Կազմակերպվեք և ինքներդ ձեզ և մեզ բոլորիս ցույց տվեք, որ դուք ուժ եք, ունեք ներքին անկախություն և կարող եք ձեզ պաշտպանել:
Առանց անկախ և արժանապատիվ դատավորների դատական համակարգը կործանված է: Հորդորում եմ անտարբեր չգտնվել, քանի որ հաջորդը հենց Դուք եք լինելու թիրախում և եթե հիմա դուք միմյանց չպաշտպանեք, վաղը ձեզ ոչ մեկ չի պաշտպանելու:
Ի դեպ, համառ լուրեր են շրջանառվում, որ Կարեն Անդրեասյանն առաջիկայում նշանակվելու է դեսպան, իսկ որոշ դեռ չճշտված տեղեկությունների համաձայն՝ վերջինս դեսպան կնշանակվի Նիդեռլանդների Թագավորությունում (Հոլանդիայում): Բայց այս դեպքում ևս վերջինս չի ազատվելու քրեական պատասխանատվությունից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը