Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ մեղադրանք առաջադրելու (քրեական հետապնդում հարուցելու) համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը, և առայժմ այն առկա չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Վերջինս տեղեկացրել է, որ համաձայն օրենքի՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը պետք է քննարկվի «Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» (ԱԺ կանոնակարգ - սահմանադրական օրենք, 108-րդ հոդված), իսկ ԱԺ առաջիկա հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 11-ին։
«Քրեական հետապնդում հարուցելու կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար Ազգային ժողովին միջնորդելու բացառիկ լիազորությամբ օժտված է գլխավոր դատախազը։ Պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման միակ ձևը սա է, և առայժմ նման միջնորդագիր ներկայացված չէ»,-գրել է նա:
Պաշտպանը նաև հայտնել է, որ Մհեր Սահակյանի նկատմամբ կիրառված ձերբակալման ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 12:10-ին։
Պատգամավորը պահվում է Երևանի ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը