ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակը հանձնառու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժած պարտադիր ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև` զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը:
«ՀՀ փաստաբանների պալատը ցավակցում է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հայտնում իր զորակցությունը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակը, օրենքով սահմանված իր գործառույթներին համապատասխան, հանձնառու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժած պարտադիր ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ Հանրային պաշտպանի գրասենյակ (Երևան, Զաքյան 7-2), այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-604605 հեռախոսահամարով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը