10 05 2022

Անիմաստ լարվածություն եք ստեղծում․ Ռոբերտ Քոչարյանը՝ Դանիբեկյանին

Անիմաստ լարվածություն եք ստեղծում․ Ռոբերտ Քոչարյանը՝ Դանիբեկյանին

«Սիլվայի գործով» դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց 5 րոպե ընդմիջում տրամադրել գործով պաշտպաններին։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նախ անցնում են ապացույցների հետազոտմանը, ապա նոր միայն միջնորդությունների քննարկմանը։

Պաշտպաններն անհամաձայնություն հայտնեցին և խնդրեցին ընդմիջում խորհրդակցելու համար:

Դատավորը պատճառաբանեց, որ նրանք կարող են տեղում, ցածր խորհրդակցել։

Միջամտեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը` ասելով, որ ինքը չի կարող շարունակել ու չի պատրաստվում բացատրել, թե ինչու։

«Ոչինչ չէր լինի, եթե 5 րոպե ընդմիջում տրվեր, իսկ ես չեմ ասի, թե ինչու, բայց չեմ կարող շարունակել դատական նիստը։ Ուղղակի այդպիսի անհրաժեշտություն կա»,– նշեց Ալումյանը։

Նրա խոսքից հետո բոլոր փաստաբանները` Լուսինե Սահակյանը, Հովհաննես Խուդոյանը և Հայկ Ալումյանը, լքեցին նիստերի դահլիճը։

Ռոբերտ Քոչարյանն էլ, դիմելով դատարանին, ընդգծեց, որ Դանիբեկյանն անիմաստ լարվածություն է ստեղծում։

Դատավորը նշեց, որ եթե պաշտպանները մեկ րոպեից չվերադառնան, նիստը կհետաձգվի։ Մի քանի րոպե անց փաստաբանները վերադարձան դահլիճ, նորից հետո նիստը շարունակվեց դռնփակ ձևաչափով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ