19 04 2022

Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդեց թույլ տալ նրան մեկնել Ստրասբուրգ․ դատարանը համաձայնեց

Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդեց թույլ տալ նրան մեկնել Ստրասբուրգ․ դատարանը համաձայնեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց թույլ տալ իր պաշտպանյալին ապրիլի 23-29-ը բացակայել երկրից։ Նա տեղեկացրեց, որ ապրիլի 25-28 Ստրասբուրգում կայանալու են ԵԽԽՎ լիագումար նիստերը, որին Արմեն Գևորգյանը պետք է մասնակցի։ Պաշտպանը դատարանին է ներկայացրել նաև ԱԺ-ի համապատասխան փաստաթղթերը։ Բացի այդ, Սահակյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով նախկինում մերժված նմանատիպ միջնորդությունները, ԵԽԽՎ նախագահն անձամբ է միջնորդել պաշտպանել Արմեն Գևորգյանի անձեռնմխելիությունը։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ այս պահին անձեռնմխելիության հարց չի քննարկվում, և ԵԽԽՎ նախագահի նամակը որևէ առնչություն չունի ներկայացված միջնորդության հետ։     

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միացավ միջնորդությանը, նշելով, որ միջազգային խորհրդարանական մարմինների աշխատանանքերին մասնակցելու հնարավորություն պետք է ունենան ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները։ «Ֆիզիկապես մասնակցելու հնարավորություն չտալը ևս մեկ անգամ կվերահաստատի իմ այն պնդումը, որ տեղաշարժի ազատության սահմանափակումն այլ նպատակներ ունի», - ասաց Օրբելյանը։

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանը նկատեց, որ ԵԽԽՎ նիստին կարելի է մասնակցել նաև հիբրիդային եղանակով, ինչին պաշտպան Սահակյանն արձագանքեց, որ հիբրիդային եղանակով Արմեն Գևորգյանը չի կարող հանդիպել որևէ պատվիրակի հետ։

Հաշվի առնելով, որ Արմեն Գևորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում բարձրացնել Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցեր, դատարանը վերջապես թույլ տվեց ընդդիմադիր պատգամավորին մեկնել Ստրասբուրգ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ