12 06 2021

Տարածքային կառավարման նախարարությունը հերքման տեքստում հաստատել է մեր գրածը

Տարածքային կառավարման նախարարությունը հերքման տեքստում հաստատել է մեր գրածը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը տեքստ է ուղարկել Yerevan.Today-ի խմբագրություն՝ պահանջելով հերքել իրենց նախարարի ԺՊ, արձակուրդում գտնվող Սուրեն Պապիկյանի մասին նյութը։

Նախ՝ նյութի մասին․

«Հայաստանի նոր միլիոնատերերը Պապիկյանը 3 տարում ԱՍՖԱԼՏԻ վրա դարձել է դոլարային միլիոնատեր»  հոդվածում փաստեր էին ներկայացված առ այն, որ ճանապարհների շինարարության որակի հսկողության համար սահմանված ծառայության արժեքը նախապես կազմում էր նախահաշվային արժեքի 1 տոկոսը։ 2019 թվականին փոփոխություն արվեց, որի հիման վրա այդ 1 տոկոսը դարձավ 5 տոկոս և ներառվեց բյուջեի մեջ։ Այսինքն, միայն 2020-2021թթ․ ասֆալտապատման համար հատկացված 149,3 մլդ․-ից 7,465 մլրդ դրամը, որն այսօրվա փոխարժեքով կազմում է ավելի քան 14 մլն դոլար, գնացել է խորհրդատվություն-վերահսկման վրա։ Նշել էինք, որ այդ վերահսկման իրականացումը, մեկ անձից գնման ընթացակարգով, հատկացված է «Կոքս քնսալթ» ընկերությանը։

Մեր տեղեկությունները հավելել էինք, որ, փաստորեն, հանրությանը ներկայացրել են, թե բարի գործ են արել՝ խոսքը ասֆալտապատման մասին է, բայց զուգահեռ դարձել են դոլարային միլիոնատեր։

Հիմա պահանջում են հերքել այս հոդվածը։

Քանի որ հերքուման պահանջը, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ է, առաջացրել է բազմաթիվ հարցեր, որոնցից կանդրադառնանք այս պահին 4-ին։

1․ Հերքում կոչված տեքստի մեջ նշում են․ «Հոդվածում տեղ գտած դիտարկումներն ու եզրահանգումները որևէ աղերս չունեն իրականության հետ և հեղինակի ենթադրությունների արդյունք են»։ Մի քանի տող հետո նրանք հաստատում են, որ հսկողության համար նախկինում սահմանված 1 տոկոսը բարձրացվել է (նաև ավելացել է ասֆալտ անելու խորհրդատվությունը) ու 1 տոկոսը դարձել է 5 տոկոս։ Նշում են՝ դա արվել է՝ ճանապարհաշինության ոլորտում ծառայությունների որակը բարձրացնելու, միջազգային փորձը ներդնելու, ազգային կարողությունները զարգացնելու համար։ Այդ դեպքում մեր գրածի ի՞նչն էր սուտ, որ հերքենք։ Կամ ինչո՞ւ պետք է հարցում ուղարկեինք նախարարությանը, եթե շեշտել ենք որոշման համարը, այսինքն՝ փաստը։ Բայց, այնուամենայնիվ, հարցնենք, օրինակ՝ այդ ինչպե՞ս որոշեցիք, թե ո՛ր փորձը պետք է վերցնեք, ինչպե՞ս որոշեցիք, որ 1 տոկոսի փոխարեն 5 տոկոսը պետք է տրվի ասֆալտ անելու խորհրդատվության համար։ Կամ ի՞նչ է նշանակում «ազգային կարողությունների զարգացում» 2000-ականներին արված ասֆալտը մեր երկրի հսկայական հատվածներում դեռ ծառայում է հանրությանը։

2․ Նախարարությունը նշում է, որ հոդվածն իրականության հետ աղերս չունի, բայց հաստատում է, որ այդ հսկողությունը մեկ անձից գնման ընթացակարգով է հանձնարարվել։ Իսկ մենք գրել էինք, որ հանձնարարվել է «Կոքս քնսալթ» ընկերությանը։ Նախարարությունը հաստատում է մեր գրածն ու արդարանում, թե ինչու է մեկ անձից կատարվել։ Ասում են՝ համավարակ էր, աշխատանքները հրատապ սկսում էինք, ժամանակ չկար։

Ի դեպ, «ժամանակը սուղ էր» հիմնավորումն է, որն օգտագործելով՝ մեկ անձից բազմաթիվ թանկարժեք գնումներ են արվում և հարստանում են պաշտոնյաների հետ փողկապակցված մարդիկ։ Այնուամենայնիվ, լավ կլիներ, որ Սուրեն Պապիկյանը մանրամասն տեղեկություններ տար «Կոքս քնսալթ» ընկերության մասին՝ ովքե՞ր են, ինչո՞ւ է հենց նրանց պատվիրակվել դա և իր հետ ինչ կապ ունեն։

3․ Հոդվածի որքան մասը վերաբերում էր նախարարությանը, նրանք հաստատեցին։ Բայց իրենց հերքման պահանջի իմաստը դա չէր։ Նախարարության ամբողջ շարադրանքի իմաստը, կարծում ենք, հենց սա է՝ Սուրեն Պապիկյանի՝ ասֆալտից ստացած եկամուտը։ Միայն այս տողն են հերքում, մնացածի մասով հաստատում և արդարանում են։ Ու հիմնավորում են այսպես․ «Նախարարի ունեցվածքի և տարեկան եկամուտների վերաբեյալ  հայտարարագիրը օրենքով սահմանված  ժամկետներում ներկայացվել է  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և հասանելի է հանձնաժողովի կայքում՝ հղումով»։

Լուրջ եք ասո՞ւմ, տեղը չգիտեի՞նք։ Ձեր կարծիքով ապրում ենք հիմարների դարաշրջանո՞ւմ։

Հատուկ ցավով արձանագրում ենք նախարարության աշխատակիցների համար, որ հայտարարագրերը հրապարակվում են նախորդ տարվա համար, այսինքն՝ 2021 թվականին «Կոքս քնսալթ»-ից ստացված գումարները, եթե նույնիսկ Ս․ Պապիկյանը որոշեր հայտարարգրեր, դա կհայտարարգրեր 2022 թվականին։ Իսկ այդ ընկերությունից  նա հատկապես 2021 թվականին է մեծ բաժին ստացել՝ ըստ տեղեկությունների։

Իսկ կա՞ մեկը, որ հավատում է մերօրյա պաշտոնյաների հայտարարագրի իրականությանը։ Քա՞նի դեպք կա, որ հայտարարագրում նշվածի հետ խնդիր է հայտնաբերել մամուլը, ու հենց ձեր իշխանությունը որևէ ընթացք չի տվել այդ փաստերին։ Բացի այդ, նույն Փաշինյանը տարիներով մեզ սովորեցրել է չհավատալ հայտարարագրերին և բոլոր պաշտոնյաներին համարել թալանչի։ Նախկին պաշտոնյաների հայտարարագրերում նորմալ է կարծես ամեն ինչ, բայց Փաշինյանը կանգնում է բեմերին, Սուրեն Պապիկյանին դնում է կողքը ու կոկորդ պատռելով ելույթ է ունենում թալանչիների մասին, որոնց հայտարարագրերում ամեն ինչ այնքան «մաքուր է», որքան Սուրեն Պապիկյանի հայտարարագրում։ Նույն տրամաբանությամբ՝ ի՞նչ իմանանք, թե Սուրեն Պապիկյանի հեռավոր ազգականի անունով գրված ունեցվածքի մեջ քանի վագոն ասֆալտ է թաքնված։

Եվ վերջապես՝ 4 կետը․

Ինչո՞ւ է քաղաքացի Սուրեն Պապիկյանն իր անձին վերաբերող նյութի համար օգտագործում նախարարության ռեսուրսը։ Սուրեն Պապիկյանը արձակուրդում է, արձակուրդում գտնվող նախարարի անձնական ունեցվածքի մասին նյութի հետ ի՞նչ գործ ունի նախարարության լրատվական բաժինը։ Ուզում եմ հասկանալ․ որ մի շաբաթից նախարարի ԺՊ Պապիկյանը, գնա տուն, այդ լրատվական բաժինը իր հետ է տանելու է՞, թե՞, այնուամենայնիվ, իրենք պետական աշխատակիցներ են, մնալու են և կատարելու են իրենց գործառույթները, անկախ նրանից, թե ով է նախարարը։

Այդ կառույցից ուղարկված հերքումը մենք չենք կարող համարել հիմք, քանի որ նա՝ նախարարությունը, այն սուբյեկտը չէ, որին մեր հրապարակումն ուղղված էր և կոչ ենք անում քաղաքացի Պապիկյանին այլևս չչարաշահել վարչական ռեսուրսը, սեփական հարցերը կարգավորելու համար։ Կարծես թե թիմային սովորություն է դառնում ՔՊ-ի մոտ սեփական փիարում օգտագործել իր աշխատացրած, սակայն հարկատուներիս հաշվին գոյություն ունեցող հիմնարկը։

Մեր նյութի հասցեատերը Սուրեն Պապիկյանն է, որին հորդորում ենք իրեն չսազող ելույթներ ունենալու փոխարեն, ահ տալու փոխարեն մի քիչ դնջանալ ու հերթով պատասխանել հարցերին։ Մեզ չպատասխանեք, վաղը այլ մարմինների եք պատասխանելու։ Խոստովանեք՝ Սուրեն, այդ ի՞նչ գործարքների մասին ենք լսում ձեր մասին։ Իսկ մենք, մեր հետաքննությունը շարունակում ենք և շուտով կներկայացնենք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ