29 12 2020

Իրավապահները մարդաորսի նոր հրահանգ են ստացել, թիրախավորվում են ոստիկանները

Իրավապահները մարդաորսի նոր հրահանգ են ստացել, թիրախավորվում են ոստիկանները

Արդեն գրել ենք, որ Yerevan.Today-ին կառավարությունից փոխանցված տեղեկության համաձայն, վարչապետը ռեսթարթի նոր սցենար է մշակել՝  գործարք իր հրաժարականը պահանջող բոլոր ուժերին և հատկապես պետկան համակարգը լքող պաշտոնյաներին կամ ճնշումներ՝ քրեական հետապնդումների միջոցով: Ավելին, աղբյուրի պնդմամբ՝  իրավապահներն հրահանգավորված են այսուհետ գնալ բոլոր հրաժարականների հետևից մինչև վերջ, և պատժիչ  գործիքներ կիրառել հատկապես այն դեպքերում, երբ պաշտոնատար անձիք իրենց ելույթներում ընդգծում են Արցախի հարցում իշխանության պարտվողականության հանգամանքը  և Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում:

Եվ ահա «գործարք կամ վա բանկ»  համատեքստում կոծկված չորս  հրաժարականներից հետո առաջին տեղեկատվությունն ենք ստանում՝ ՀՔԾ-ից ճնշումներ գործադրելու փորձերի  մասին՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողների նկատմամբ:

Փաշինյանի հակաքայլերի առաջին զոհերը, ենթադրաբար, ոստիկանները կդառնան:

Թխրախավորվում են հատկապես այն ոստիկանները, ովքեր նոյեմեբերի 9-ից հետո դուրս ելան պատերազմի ելքը պարտությամբ որոշած Փաշինյանի դեմ և պահանջեցին հրաժարականը: Հիշեցնենք, նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ ակտից հետո  համակարգը լքեցին տարբեր կոչում ունեցող 15 ոստիկաններ և կոշտ հայտարարություններով միացան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող Հայրենիքի փրկության ճակատին: 

Yerevan.Today –ին հայտնի է դարձել, որ այս օրերին Հատուկ քննչական ծառայություն են կանչվել նրանցից մի քանիսը: Սասուն Խաչատրյանի «դիրիժորությամբ» ՀՔԾ կանչվածներից մեկը  ոստիկանության մայոր, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Դավիթ Մարտիրոսյանն է, նա  դեկտեմբերի 11-ին էր հայտարարել, որ լքում է համակարգը՝ որպես պատճառ նշելով․ «Անկարող եմ այլևս ծառայել պետական շահին»:

Նա Yerevan.Today –ի հետ զրույցում նա հաստատեց ՀՔԾ կանչվելու մասին մեր տեղեկատվությունը։ Ինչո՞ւ, ի՞նչ գործի շրջանակներում․ ասաց, որ արհեստական ստեղծված առիթով է եղել, իսկ մանրամասներ հաղորդելու իմաստը անգամ չի տեսնում: ՀՔԾ կանչվելը ճնշումներ համարու՞մ է, հետաքրքրվեցինք Դավիթ Մարտիրոսյանից, պատասխանեց՝ «այո, չնայած դրանով ոչ մի հաջողության չեն հասնի»:

Ընդգծենք, Դավիթ Մարտիրոսյանը սեպտեմբերի 27-ից հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված ոստիկաններից մեկն է եղել և առաջիններից էր, ով պարտության ակտի դեմ հանդես եկավ։

Հիշեցնենք, համակարգի ներսում երկրորդ իրարանցումը նա և իր մի քանի ծառայակից ոստիկաններ ստեղծեցին իրենց երկրորդ ֆեյսբուքյան գրառումներից հետո, երբ արձագանքել եին փոխոստիկնապետ Արա Ֆիդանյանին: Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով ազատման զեկուցագրեր գրած ոստիկանների քայլրին՝ դրանք որակել էր «միևնույն գրչով գրված մտքերով հրաժարականներ տեքստեր, հերոսանալու փորձ անողներ էր համարել պարտության ակտը մերժողներին,  ուղղորդված ծառայողներ, ովքեր ազատվել են իբր Արցախ չմեկնելու, բազմաթիվ իրավախախտումներ կատարելու և հանցավոր տարրերի հետ համագործկցելու պատճառով»: 

Արձագանքելով փոխոստիկանապետի որակավորումներին՝ համակարգը լքած Վանիկ Պարույրյանն իր նախկին վերադասին զուսպ  ձևակերպումներով սովորեցրել էր ինչպես աշխատել իրականում «Չմանրամասնեմ թե Դուք և ոստիկանության բարձրաստիճան ղեկավարությունն ինչպես եք վերաբերվել ռազմաճակատում գտնվող Ձեր ծառայակիցներին, բոլորը գիտեն դրա մասին… բայց լավ կլիներ հեռուստաընկերություններով արդարանալու և իրական վիճակը խեղաթյուրելու փորձերի փոխարեն զբաղվեիք Ձեր կողմից նշանակված ղեկավար անձնակազմի պրոֆեսիոնալ պատրաստությամբ, ովքեր Արցախում մեծամասամբ առաջին պայթյունից հետո էլ չերևացին...»:

Փոխոստիկանապետին կոշտ հակադարձող մյուս բարձրաստիճան սպան Դավիթ Մարտիրոսյանն էր:  Կապանի քրեական հետախուզության պետ Դավիթ Մարտիրոսյանը  հանդգնեց մաթ տափ տալով հրապարակայնորեն բացատրություն պահանջել  փոխոստիկանապետ Ֆիդանյանից՝ գրելով․ «Ես հասկանում եմ, որ մեր բողոքի ձայնը Ձեզ համար անհանգստացնող է, սակայն ի տարբերություն Ձեզ և Ձեր մտածելակերպի տեր այլոց՝ ես ընտրեցի Հայրենիքս, այլ ոչ թե աթոռապաշտությունը։

Ձեր հարցազրույցից խորը հիասթափություն ապրեցի...

Ոմանց հաճոյանալու, պատահմամբ ստացած աթոռը պահելու համար փոքր ֊ ինչ խոհեմ եղեք, եղեք ուղղամիտ ու երեսպաշտորեն մի մոռացեք Տղերքին, որ պատերազմի ծանրագույն բովով անցան՝ առանց պատշաճ պատրաստվածության:

Արդյոք այդպե՞ս պիտի ուղարկեիք նրանց ռազմաճակատ, այդպե՞ս պետք է թողնեիք այնտեղ, ինչևէ… չակերտներն առանց բացելու՝ հորդորում եմ դուրս չգալ բարոյականության և ողջամտության սահմաններից ու հիշել՝  նրանք հուղարկավորվեցին առանց իրենց անունները զոհվածների ցանկում հրապարակելու, նրանք հուղարկավորվեցին  ծածուկ, առանց պատշաճ զինվորական, սպայական կարգի մատուցման, արժանի չէի՞ն...»:

Ի դեպ, դեկտեմբերի 11-ին գրված մայոր Դավիթ Մարտիրոսյանի զեկուցագիրը մինչ օրս չի մակագրվել ոստիկանապետ Վահե Ղազարյանի կողմից, ենթադրաբար միջանցք էր թողնվել գործարքի համար․ հետևաբար նրան ՀՔԾ կանչելով՝  իշխանությունը ցույց է տալիս, որ գնում է վա բանկ:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող պետական համակարգի ծառայողների  նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու, ոստիկաններին ՀՔԾ կանչելու հիմքերի կարգավիճակով են մասին մեր հարցադրումներով փորձեցինք դիմել ՀՔԾ, սակայն մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:

Սյուզի Բադոյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ