Շուրջ 20 օր է՝ պետությունը հրաժարվել է վարակակիրների կոնտակտավորներին բարձրակարգ հյուրանոցներում պահելու, սնելու և նրանց հոգ տանելու քաղաքականությունից, սակայն մինչ օրս Պարետատունը հրաժարվում է ֆինանսական հաշվետվությամբ հանդես գալ: Կառավարությունը համառորեն չի հրապարակայնացնում՝ COVID 19 շրջանակներում ծախսված փողերի որ մասն է, ի վերջո, բյուջեից իրականացվել, ո՞ր մասն է նվիրատվությունների հաշվին:
20 օր է՝ փակվել են բոլոր կարանտինային վայրերը, որոնցից ամեն մեկը 4-5 փուլով հասցրել է հարյուրներով խմբեր բաց թողնել: Բայց մենք չգիտենք կարանտինային վայրերի ընդհանուր քանակը, տեղեկատվություն չունենք մեկուսացվածների ընդհանուր թվի, նրանց սննդի, հիգիենայի և ախտահանիչ միջոցների վրա ծախսված միջոցների մասին:
Կարանտինային վայրերից հասու դարձած միակ տեղեկատվությունը, հիշենք, ուտելիքային նկարներն ու գռեհիկ գրառումներով, որոնք իբր կարանտինային վայրից ճաշացանկի լուսանկարներով արտահոսքեր էին, սակայն իրականում դրանք ուղղորդված PR գործողութուններ էին, որոնք կազմակերպվում էին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանի միջոցով:
Կցկտուր տեղեկություններ կան՝ երևանյան առաջատար հյուրանոցների, որոշ հանգստյան տների կողմից անվճար հիմունքներով տրամադրված համարների մասին:
Դրանք հատկացվել ԱՆ-ին COVID 19 շրջանակներում՝ պետության կարիքների համար, իսկ գործարարների կողմից արված ժեստը առանձնապես չփիառվեց, ինչպես ակնկալվում էր: Այդուհանդերձ, նորից մութ է մնում նվիրատուների մատուցած ծառայության գինը՝ քանի հյուրանոց է անվճար համարներ տրամադրել, սննդի սպասարկումն ու՞մ հաշվին է իրականացվել, չգիտենք: Հայտնի չէ նաև՝ երևանյան որ հյուրանոցների սպասարկումն էր տեղավորվում պետության շռայլ ծախսերի արանքում, որը՝ գործարար խավի:
Կարանտինային վայրերի վրա ծախսած միջոցների հաշվետվությունից զատ, նկատենք, կառավարությունը կարծես միտումնավոր չի հրապարակայնացնում նաև բուժանձնակազմին բաշխված՝ նվիրատուների միջոցների հաշվետվությունը: Կառավարությունը, հավանաբար, խուսափում է թվեր հրապարակել՝ զուտ այն զգուշավորությամբ, որ իրենց չընդհատվող ճոխ պարգևատրումների ֆոնին հանրային լուրջ դժգոհություն նորից չբարձրանա, մանավանդ՝ որ ուշանում են ակնկալվող մյուս նվիրատուների հաղորդագրությունները, իսկ վարակված բուժանձնակազմին դեռ քանի-քանի փուլով փոխարինող խմբեր պետք կլինեն:
Ինչո՞ւ են ուշանում ֆինանսական հաշվետվուըթյունները, ինչո՞ւ Պարետատունը ի մի բերված չի հանրայնացնում ողջ նվիրատվության ցանկն ու չափը, ինչո՞ւ չի հրապարակում, թե որքան է ծախսվել մինչ օրս առանձին ոլորտներով՝ վարակի տարածումը կանխելու, հետևանքները չեզոքացնելու և հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու միջոցառումենրի արդյունքում: Պարետատնից Yerevan Today –ին փոխանցեցին հետևայլ պատասխանը՝ այս փուլում հաշվետվություն չի նախատեսվում։ Թե ո՞ր հանգրվանին կպլանավորեն հանրությանը տեղեկացնել կատարած ծախսերի մասին, չգիտեն, հորդորեցին՝ հանրությանը հուզող հարցերը շարադրել հերթականությամբ և սպասել գրավոր պատասխանին:
Ի դեպ, նույնն էր արձագանքը նաև Առողջապահության նախարարության դեպքում, նախարար Թորոսյանը կարծես հակված չէ ցրելու վարակակիրների թվերի մասին հանրության մոտ ձևավորված կասկածներն ու անվստահությունը, որն ավելի է խորանում մամուլի հրապարակումներից հետո: Հիշենք, մամուլում գրվեց՝ մինչ երկիրը խուճապահար պայքարում է կորոնավիրուսի դեմ, առողջապահության նախարարը պահը չի կորցնում՝ իր ընկերների դիրքերն ամրապնդելու համար: Hraparak.am-ը թվել էր նախարարի ընկերների ցանկը, որոնք նշանակված էին կարանտինային վայրերի կշղեկավար պաշտոններում ու վերահսկում էին ֆինանսկան հոսքեր.
Այսպես, ըստ կայքի, Արսեն Թորոսյանի միջնորդությամբ, Նուբարաշենի հոգեբուժարանի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը, նշանակվել է Աղավնաձորի կարանտինի տնօրեն, նույնանման մի պոստի էլ Արսեն Թորոսյանի փիառով զբաղվող Աշոտ Սարգսյանն էր նշանակվել՝ «Ռեժինե» հյուրանոցի պատասխանատու, նախարարի մտերիմ ընկեր Արտակ Մանուկյանը՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ։
Ըստ մամուլի՝ Արսեն Թորոսյանն այդ կարևոր պոստերում ընկեր-բարեկամների նշանակումներով ընդամենը փորձել էր մի բան անել՝ իր համար վերահսկելի էր դարձել թվերի շարժը և ստեղծել մի իրավիճակ, որ սույն անձիք իրենից բացի որևէ մեկին հաշվետու չլինեն, եզրակացրել էր մամուլը։
Իսկ թե որքանով է համապատասխանում կարանտինային վայրերում պահվող քաղաքացիների վիճակը իրենց իսկ համար հատկացված ֆինանսների չափին, կարծում ենք, առանձին քննարկման թեմա է։ Քիչ չէին դեպքերը, եբ մեկուսացվածներն ահազանգում էին վատ պայմանների, անբավարար սննդի ու որակի մասին։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը